Կոմիտաս 5-ի բնակիչների բաց նամակը վարչապետին

Երևանի Կոմիտաս 5ա շենքի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով նրան կանխել իրենց հասցեում կառուցվող շենքի շինարարությունը, որը, ըստ նրանց, կփակի ինչպես իրենց արևի լույսը, այնպես էլ շտապ օգնության մեքնենաների մուտքը հարակից շենքեր:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո վարչապետ, Ձեզ ենք դիմում Երևանի Կոմիտաս 5ա շենքի` շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում՝ Ազգային ժողովում, ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու, հույս ծագեց, թե Ձեր միջամտությամբ ի վերջո կլուծվի մեր խնդիրը:

Տեղեկացնում ենք, որ 2011-ից մինչև օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ) Կոմիտաս 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով և սեփական ժողովրդից կառուցապատողին «պաշտպանելու», մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013թ. հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով արտակարգ իրավիճակների նախարարության և մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները և մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության և էվակուացիոն ճանապարհներից, նաև կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր:

Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում, «էլ ինչ երկիր առանց ժողովրդի»: Մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված և ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները:

Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը:

Հուսով ենք, որ այս անգամ մենք խաբված չենք մնա և փոշմանած չենք նստի ու մտածի, թե ավելի լավ էր հույսներս կտրած հաշտվեինք մեր վիճակի հետ, և շենքն, ըստ առաջին նախագծի, վեր բարձրանար` զրկելով մեզ արևի լույսից, քան Սթե մնանք անօգնական արտակարգ իրավիճակների դեպքում»:

Կոմիտաս 5-ի բնակիչները բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ բողոքում են շուրջ չորս տարի, սակայն նրանց պայքարն առավել թեժ դարձավ 2013թ. ամռանից: Կառուցվող շենքը, ըստ բնակիչների, խանգարում է իրենց հանգստին, վնաս պատճառում բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ: Բնակիչների խոսքով՝ թեև նախագծով պետք է կառուցվեր ցածրահարկ շենք, սակայն իրականում կառուցվելու է 12-հարկանի շինություն, որը կփակի մյուս շենքերի արևի լույսը: 2013թ. հոկտեմբերի 24-ին վարչական դատարանը կառուցապատող «Լիբեր» ընկերությանն արգելել էր Կոմիտաս 5-ում շինարարություն անցկացնել, սակայն ընկերությունը շարունակում է աշխատանքները:

Կոմիտաս 5-ի բնակիչների պայքարի մասին պատմող տեսանյութին և նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել