Մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Կառավարության ընդունելությունների տանը մայիսի 26-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և Հայ օգնության միության նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին:

Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազ. դոլարի նվիրատվություն և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար: Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին:

Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին:

Խորհրդի անդամները կլսեն նաև վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը, կքննարկեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը կզեկուցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Մեկնաբանել