Գորիսում կատարվողն օրինաչափ է

Լրատվամիջոցներում արդեն մի քանի օր է, ինչ տեղեկատվություն է շրջանառվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել քաղաքում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ և Արթուր Հարությունյաններին, այնուհետև նրանց տարել անհայտ ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, և Գոռ Հարությունյանն արդեն բացատրություն են տվել ոստիկանությունում՝ Գորիսում տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ: Ինչպես նաև նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:

Գորիսում կատարված հանցագործությունն իշխանությունների հովանավորյալների կամ հենց իշխանավորների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների շղթայի հերթական օղակն է: Օրինաչափ է, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորները մարդ են խոշտանգում ու սպանում և դրա համար չեն պատժվում: Նման իրավիճակը գործող իշխանությունների հաստատած խաղի կանոնների սահմաններում է:

Խաղի կանոնների խախտում կլիներ, եթե իշխանության հովանավորյալները մարդ չխոշտանգեին կամ հանցագործությունների համար պատժվեին: Ոչինչ առավել ամուր չի կապում մարդկանց, որքան համատեղ կատարած հանցագործությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն իշխանությունների հովանավորությամբ խմբակային հանցագործության դասական դրսևորում է, որում ներգրավված են իշխանությունների ամենացածր օղակներից սկսած մինչև ամենաբարձր իշխանավորները՝ իրենց հովանավորյալներով:

Իշխանության վերարտադրման ու պահպանման անօրինական ծառայությունների համար յուրաքանչյուր ոք ապագայում պահանջում է իր հասանելիքը: Ոմանք մատուցած ծառայությունների համար ստանում են արտոնյալ պայմաններում գործարարությամբ զբաղվելու իրավունք, ոմանք էլ՝ անպատժելիության լիցենզիա: Երկուսը միասին ստանալու պրակտիկան ևս գործում է: Խաղի այս չգրված կանոնների պայմաններում արդարադատությունից կամ օրենքի գերակայությունից խոսելն անիմաստ է: Օրենքն ու Սահմանադրությունն աշխատում են բացառապես վերոհիշյալ շրջանակներից դուրս գտնվող քաղաքացիների համար, որոնք գործնականում ոչ թե քաղաքացիներ են, այլ դասական սահմանմամբ հպատակներ:

Ակնկալել, որ մեր իրավապահ համակարգը հանցագործության բացահայտման ուղղությամբ օբյեկտիվ քայլեր կանի և կպատժի հանցագործներին, պարզապես ծիծաղելի է: Իրավապահ համակարգը գործող խաղի կանոններով պետք է հարգի անպատժելիության լիցենզիա ստացած արտոնյալ խավի «իրավունքները», իսկ արդարադատություն պետք է իրականացնի այդ շրջանակներից դուրս գտնվող քաղաքացիների շրջանում: Առանձին-առանձին սուրիկխաչատրյանական դրսևորումների դեմ պայքարելն անարդյունավետ է: Հետևանքների դեմ անիմաստ պատերազմ է: Անհրաժեշտ է արմատապես փոխել իշխանության ձևավորման սկզբունքները, անցկացնել ազատ-արդար ընտրություններ: Երբ իշխող վերնախավը իշխանություն ունենալու համար դադարի պարտական լինել կիսաքրեական տարրերին և ուսադիրներով հանցագործներին, հենց այդ ժամանակ էլ կարելի կլինի խոսել իրավական պետություն ունենալու մասին:

Մեկնաբանել