29 մայիս, 2014 17:59

Անպատասխան նամակ Իլհամ Հեյդարովիչից

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ․հունվարի 1-ից: Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը խնդրել է Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Ի պատասխան այս հայտարարությանը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ վերջինս նշում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակում, որոնցով նա մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):

«Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների  շրջանականերում են, ինչպես ԱՀԿ-ում է: Սա՝  քննարկման համար»,- մասնավորապես ասել է Ղազախստանի նախագահը:

Այս հայտարարությանը ոչ մի կերպ չի արձագանքել նիստի աշխատանքներին մասնակցող Սերժ Սարգսյանը. Ալիևի նամակի բովանդակությունը լսելուց հետո նա միայն հոգոց է հանել:

Ադրբեջանը, ընդգրկված չլինելով եվրասիական ինտեգրացոն նախագծերի մեջ, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի մասով հատուկ կարգադրություններ անել: Այս իրավիճակում խիստ անհասկանալի է Սերժ Սարգսյանի լռությունը, որը չի փորձել անգամ կես խոսքով հակադարձել Իլհամ Ալիևի նամակին: ՀՀ գործող նախագահի հեղինակությունը միջազգային ասպարեզում գրեթե զրոյական մակարդակի է, Եվրասիական տարածաշրջանում ինքնավստահության խիստ պակաս ունի և չի համարձակվում հակադարձել անգամ Հայաստանի հասցեին արված դիտարկումներին:

Հատկանշական է, որ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմ խոսքերով շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով: Սակայն մեր պաշտոնական լրատվությամբ ոչինչ չի ասում առ այն, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-ի Հանրապետության տոնի առիթով շնորհավորել է  հայ ժողովրդին: Նմանատիպ դրսևորումները միջազգային ասպարեզում գործող իշխանությունների իզգոյացման արդյունքն են: Նրանց հետ ո´չ եվրասիական, ո´չ էլ արևմտյան տարածաշրջանում հաշվի չեն նստում:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը թե´ հյուսիսային, թե´ արևմտյան ուղղություններով կատարյալ ֆիասկո է ապրում, ինչը անմիջական սպառնալիքի է վերածվում մեր ազգային անվտանգության համար:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: