Կայացել է Աբրահամյան-Մեդվեդև հանդիպումը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 30-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումով ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

Մեկնաբանել