Գրիվնան արտարժույթ դարձավ Ղրիմում

Ուկրաինական գրիվնան արտարժույթ է դարձել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունիսի 1-ից թերակղզում բոլոր հաշվարկները ռուսական ռուբլով կիրականացվեն:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ մարտի 17-ին, Ուկրաինայի կողմից չճանաչված Ղրիմի իշխանությունները հայտարարել էին, որ գրիվնան շրջանառության մեջ կմնա մինչև 2016թ. հունվարի 1-ը:

«Ղրիմի Հանրապետության արժույթի պաշտոնական դրամական միավոր է հանդիսանում ռուսական ռուբլին, ինչպես նաև մինչև 2016թ․ հունվարի 1-ը պաշտոնական արժույթը՝ համապատասխան Ժամանակավոր դրության 48-րդ հոդվածի՝ կլինի ուկրաինական գրիվնան»,- ասված էր Ղրիմի խորհրդարանի մարտի 17-ի որոշման մեջ։

Այդուհանդերձ, Ռուսաստանի Պետական դուման մայիսի 16-ին կրճատել է Ղրիմում գրիվնայի շրջանառության ժամկետը՝ մինչև 2014թ. հունիսի 1-ը: Այս օրենքը մայիսի 21-ին հաստատել է Դաշնության խորհուրդը, իսկ մայիսի 27-ին ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանել