Դուք գոնե տեսե՞լ եք այդ լուսանկարը

Հունիսի 1-ին Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկևանի մանկապարտեզ և լուսանկարվել տեղի երեխաների հետ: Եվս մի լուսանկարում նա փորձում է շոյել երեխաներից մեկին: Ըստ էության, թվում է, թե իսկ ինչ տարօրինակ բան կա մանկապարտեզ այցելելու, երեխաների հետ լուսանկարվելու և նրանցից մեկին շոյելու փորձ անելու մեջ: Ոչ մի, եթե երեխաները աշխատանքային այցի «էական» շտրիխն են: Ոչ մի, եթե նրանք են Սերժ Սարգսյանի համար, այն էլ հունիսի 1-ին, և ոչ թե Սերժ Սարգսյանը նրանց համար: Ոչ մի, եթե լուսանկարի 29 երեխաներից միայն երկուսի ժպիտը սկիզբն է այն բանի, որ 27-ն էլ են ժպտալու:

Ովքե՞ր են այդ մարդու խորհրդականները, ովքե՞ր են նրան առաջնորդում, դիցուք, մանկապարտեզ: Եվ ի՞նչ են ասում նրան՝ գնում ես, որ ի՞նչ անես: Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը՝ իսկ ի՞նչ պիտի աներ այդ մարդը, որը մտել է մանկապարտեզ: Գլխավոր անհեթեթությունը հենց Տավուշի մարզ աշխատանքային այց կատարելու որոշումն է: Հունիսի 1-ին չի կարելի աշխատանքային այց կատարել որևէ մարզ: Հունիսի 1-ին պետք է այցելել երեխաներին: Տարին 365-366 օր է, մնացած օրերը կհերիքեն աշխատանքային այցերի համար, բայց այդ օրը գոնե օրվա խորհրդի շրջանակներում, եթե ուզում ես լուսանկարվել մանկապարտեզի երեխաների հետ, տրամադրիր հենց նրանց: Տրամադրիր առանց մարզպետի և այլ պաշտոնյաների ուղեկցության: Երկրորդ, եթե մտել ես մանկապարտեզ, մի շտապիր լուսանկարվել երեխաների հետ, որովհետև լուսանկարից զռռում է անկառավարելի քաղքենիությունը՝ երեխաներից ոչ մեկը իրադարձության կենտրոնում չէ, նրանք պարզապես չեն ժպտում ի տարբերություն օրվա ամենևին էլ ոչ հերոսի, որը վատ չի ժպտում:

Ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը լուսանկարվելուց առաջ: Լուսանկարը հուշում է, թե ինչ: Նա պետք է զբաղվեր երեխաների հետ, ավելի քիչ ժամանակ անցկացներ մարզի և մանկապարտեզի ղեկավարության հետ: Նա պետք է խոսեր, խաղար երեխաների հետ, լուսանկարվելուց առաջ այդ երեխաները պետք է Սերժ Սարգսյանից ավելի ուրախ լինեին, իսկ Սերժ Սարգսյանը՝ հոգնած և օրվա խորհրդին մինչև վերջ հանձնված: Բայց նա մանկապարտեզ է մտել «աշխատանքային այցի շրջանակներում»: Երեխաները դարձել են աշխատանքային այցի շտրիխ: Եվ այդքանից հետո ո՞վ կարող է ասել՝ այդ այցով լուսանկարից բացի ուրիշ ի՞նչ է մնալու Ադրբեջանին խիստ սահմանամերձ Ոսկևանի մանկապարտեզի երեխաների հոգում: Ոչինչ, որովհետև լուսանկարը հունիսի 1-ի ամբողջ արարողությունն է: Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին առաջնորդել են այդ մանկապարտեզ, հավանաբար չեն էլ «ենթադրել», որ Երևանում այդ նույն ժամանակ մայրաքաղաքցի բոլոր երեխաները անվճար կենդանաբանական այգի ու «Հաղթանակ» զբոսայգի են հաճախել, անվճար խաղացել երկու այգիների խաղատեսակները: Չեն էլ «ենթադրել», որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բացել է խորհրդարանի դարպասները և մայրաքաղաքցի մյուս երեխաներին հրավիրել համերգի և պաղպաղակ ուտելու, ծաղրածուների հետ խաղալու: Ոչինչ չեն ենթադրել: Որովհետև քաղքենի մեռնում են այն մտքից, որ Հայաստանը իրենք են, որ ոսկևանցի երեխան իմաստ ունի, եթե իրենց է ապրեցնում, ոչ թե իրենք են ապրեցնում:

Խորհրդարանի այգում պաշտոնյաներ էլ են եղել իրենց երեխաներով ու թոռներով: Սա հենց այն անարգանքն է, որ նրանք թեկուզ ակամա, բայց հասցրել են ոսկևանցի երեխաներին: Ինչպե՞ս: Նրանց թոռնիկները հենց այդպիսի միջավայրերի համար են խնամվում: Կարծեմ անցյալ տարի էլ Սերժ Սարգսյանն էր իր թոռնիկին կենդանաբանական այգի տարել: Իսկ Ոսկևան չի տանի: Տանի, որ ի՞նչ անի թոռնիկը: Պետք էլ չէ, որ տանի, բայց այնպես, որ սահմանամերձ երեխաները չիմանան: Ուստի ինքդ պիտի դառնայիր այդ թոռնիկը, որպեսզի լուսանկարը լիներ գունեղ և ժպտադեմ: Դուք գոնե տեսե՞լ եք այդ լուսանկարը:

Իսկ հիմա, ուշադրություն, մեր լուսանկարային «հետաքննության» վերջին շտրիխը՝ Սերժ Սարգսյանը երեխաների հետ լուսանկարվել է մանկապարտեզ մտնելուց 10 րոպե հետո և այդ ընթացքում բացարձակապես չի զբաղվել երեխաներով: Ո՞վ է այն քաղքենին, որն իր մտահղացումով սահմանամերձ այդ երեխաներին «կերակրել» է մի ապառիկ «հպարտությամբ», թե «մենք ՀՀ նախագահի հետ ենք լուսանկարվել»: Այդպես կարելի է լուսանկարվել ոչ միայն երեխաների, այլև նախապատմական որևէ կոշիկի հետ: Երկուսի հետ էլ քո կապը և պատասխանատվությունը զրոյական է:

Մեկնաբանել