Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի պահանջների ընթերցումը և Սերժ Սարգսյանի լռությունը, այնուհետև Հայաստանում Նազարբաևի հայտարարությանն արձագանքելը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի և նրա թիմի մոտ կա իրավիճակին համարժեք արձագանքելու խնդիր:
Մայիսի 30-ին Բաղրամյան 26-ի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ մոտ օրերս Սերժ Սարգսյանը կանրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ հարցերին: Պարզվեց, որ մոտակա օրերը հենց մայիսի 31-ն էր, և այդ օրը Սարգսյանը Ծաղկաձորում ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու ժողովին խոսեց Աստանայի դեպքերի մասին:
Իրականում Սերժ Սարգսյանի պատասխանն ուղղված էր ոչ թե Նազարբաևի հայտարարությանը, այլ իրեն քննադատողներին: Սարգսյանը Նազարբաևի հայտարարության վերաբերյալ բավարարվել էր՝ ասելով, թե Աստանայում «հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»: Ստացվում է, որ ոչինչ չասող այս նախադասությունը Սարգսյանը կարողացավ արտաբերել միայն Ծաղկաձորում՝ Աստանայից ու Նազարբաևից հեռու:
Սարգսյանի ելույթն ի պատասխան իրեն ուղղված քննադատությունների համարժեք չէր։ Աստանայում նրա անտրամաբանական վարքագիծը քննադատողները չէին ասում, թե ինչու Սարգսյանի պատկերացումներում Արցախը Հայաստանի մաս չէ, որովհետև Սարգսյանը մեկ անգամ արդեն առիթ ունեցել էր հայտարարելու, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», նրանց զայրացնում ու զարմացնում էր այն, թե ինչու տեղում Սարգսյանը չկարողացավ պատասխանել Նազարբաևին՝ նշելով թեկուզ այն, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միություն մտնում է բոլորովին էլ ոչ միջազգայնորեն ճանաչված տարածքներով։
Ավելին, հարց է առաջանում, թե ինչու՞ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի Սևանից մեծ ծավալով ջրի բացթողնման անթույլատրելիության մասին հայտարարություննայդչափ զայրացրեց Սարգսյանին, իսկ Աստանայում ազգային անվտանգությանը վերաբերող Նազարբաևի հայտարարությունը մնաց «տհաճ-անվնասության» սահմանում:
Սարգսյանի ընդդիմախոսները բազմիցս են բարձրաձայնել, որ նա ձախողված գործիչ է: Աստանայում Հայաստանի ձախողումը Սերժ Սարգսյանի բազմաթիվ ձախողումների հետևանքն էր:
Իրավիճակի անհամարժեք գնահատականներից մեկն էլ հայտարարությունն էր այն մասին, թե «Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը….»: Իրականում, Մաքսային միությանն անդամակցելը չի կարող նպաստել Ղարաբաղի խնդրի կարգավորմանն այն պարզ պատճառով, որ Նազարբաևը հայտարարեց՝ Հայաստանի անդամակցության հարցով Ալիևի կարծիքը պետք է հաշվի առնվի: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը չի կարող հայկական կողմի համար Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում լինել նպաստավոր:
Ոչ ադեկվատության մեկ այլ վառ դրսևորում է Սարգսյանի հետևյալ պնդումը. «… ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»: Փաստորեն ոչ միայն Սարգսյանը, այլև նրա ելույթը պատրաստողները տեղյակ չեն եղել, որ ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Հայաստանը կա՛մ կմտնի Մաքսային միություն՝ Ղարաբաղի տարածքով, կա՛մ առհասարակ չի մտնի»:
Սերժ Սարգսյանն ու նրա թիմը կորցրել են իրականության զգացողությունը, ուստի գործում են իրական մարտահրավերներին ոչ համարժեք: Դրա համար էլ ո՛չ Աստանայում, ո՛չ էլ դրանից հետո չեն կարողանում դրսևորել իրավիճակին համապատասխան վարքագիծ: