Տյանանմենն ու Մարտի 1-ը

1989թ. հունիսի 4-ին չինական բանակը ուժով մաքրեց Տյանանմեն հրապարակը, որտեղ ժողովրդավարական շարժման կողմնակիցները ցույցեր էին կազմակերպել: Ուժային կառույցների գործողությունների հետևանքով զոհվեցին հարյուրավոր ցուցարարներ: Զոհվածների մասին հստակ թիվ մինչ օրս չկա:

Հասկանալու համար, թե Չինաստանում ինչու սկսվեց ժողովրդավարական շարժումը, անհրաժեշտ է հասկանալ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները: 1976թ. Մաո Ցզեդունի մահից հետո սկսված տնտեսության ազատականացումը նպաստեց չինական տնտեսության զարգացմանը: Արդյունքում միլիոնավոր մարդիկ կարողացան հաղթահարել աղքատությունը: Տնտեսական զարգացումը հանրության շրջանում ձևավորեց ժողովրդավարցման պահանջ: Չինաստանն ավտորիտար երկիր էր, և հանրությունը ցանկանում էր անցնել ժողովրդավարական կառավարման համակարգի:

Չինաստանի իշխող կուսակցության վերնախավում միշտ էլ եղել են խմբեր, որոնք դեմ են եղել բարեփոխումներին, որովհետև փոփոխությունների մեջ տեսել են վտանգներ: Նրանք կարծում էին, որ բարեփոխումների արդյունքում ձևավորում է նոր խավ, որը կարող է առաջադրել նոր պահանջներ, իսկ չինական կառավարման համակարգը, ունակ չլինելով բավարարել այդ պահանջները, ստիպված կլինի կանգնել քաղաքական ճգնաժամի առաջ: Իսկապես, 1979թ. սկսված բարեփոխումները՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, հանրության շրջանում ձևավորեց ժողովրդավարացման պահանջներ, և համակարգը կանգնեց ճգնաժամի հաղթահարման խնդրի առաջ:

Իշխանությունը ճգնաժամի հաղթահարման միջոց դիտարկեց ուժի կիրառումը և բանակի միջոցով ճնշեց հանրային պահանջը: Չնայած սրան, տնտեսության ազատականացման դեմ գնացող խմբերը այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել կուսակցության ներսում: Անգամ 1989թ. հունիսի 4-ի դեպքերից հետո իշխանությունը շարունակեց տնտեսության ազատականացման քաղաքականությունը և ավելի ընդլայնեց շուկայական ինստիտուտները, ինչի արդյունքում Չինաստանի տնտեսությունը սկսեց նոր թափով զարգանալ: Արդյունքում, եթե 1990թ. Չինաստանի ՀՆԱ-ն կազմում էր աշխարհի ՀՆԱ-ի մոտ 4.0 տոկոսը, այսօր այն կազմում է 12,4 տոկոսը: Չինաստանի տնեսությունը մեծությամբ այսօր աշխարհում երկրորդն է:

Հայաստանում 2000-ականների տնտեսական զարգացումը ձևավորեց փոփոխությունների հանրային պահանջ: Հայաստանի քաղաքական համակարգը չկարողացավ պատշաճ արձագանքել: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իշխանությունն ուժով մաքրեց Ազատության հրապարակը, մարտմեկյան գործողությունների հետևանքով զոհվեց տասը քաղաքացի:

Մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկատարեցին քայլեր, որը կհանդարտեցներ հանրային դժգոհությունները, այլև ի տարբերություն չինական կառավարության, փոխեցին նաև տնտեսական քաղաքականությունը, ինչի հետևանքով խոստացված բարեփոխումների և տնտեսական աճի փոխարեն ահագնացավ արտագաղթը, աճեց աղքատությունը, իսկ տնտեսության մոնոպալիզացիան հասավ վտանգավոր չափերի:

Ժամանակին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ասել էր, որ ճգնաժամ բառը նկարագրելու համար չինացիները օգտագործում են երկու վրձնախազ: Նրանք մի վրձնախազը դիտարկվում են որպես վտանգ, մյուսը՝ հնարավորություն: Այդ իսկ պատճառով Քենեդին խորհուրդ էր տալիս ճգնաժամի ժամանակ տեսնել ոչ միայն վտանգ, այլև հնարավորություն:

Չինաստանի իշխանությունը կարողացավ ճգնաժամի մեջ տեսնել հնարավորություն և երկիրը տանել զարգացման, իսկ Հայաստանի իշխանությունը քաղաքացիական ընդվզման մեջ գնահատեց միայն վտանգը, ինչի հետևանքով խորացրեց ճգնաժամը հետագա քաղաքական գործընթացներում և երկրում առհասարակ:

Մեկնաբանել