Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` հունիսի 11-ին մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այն պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Քրեական գործի շրջանակում ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը: Կատարվում է նախաքննություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Օրեր առաջ` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ խոսել է ադրբեջանական սադրանքներին հայկական կողմի պատասխանների, սահմանային միջադեպերի և խուճապի չմատնվելու անհրաժեշտության մասին: