Քառյակի պահանջների բովանդակությունը խնդրահարույց է

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության` գործող իշխանություններին ներկայացրած 12 պահանջների ճնշող մեծամասնությունը վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակին, իսկ պահանջների կատարման հասցեատերը ՀՀ կառավարությունն է` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պահանջների բովանդակությունը խիստ խնդրահարույց է: Եթե ոչ իշխանական քառյակը հանդես է գալիս հանուն համակարգային փոփոխությունների, ապա ակնհայտ է, որ առաջարկվող պահանջների բավարարումն ամենևին էլ չի հանգեցնելու համակարգային փոփոխությունների՝ գոնե սոցիալ-տնտեսական ոլորտում: Իշխանությանը ներկայացված պահանջներն առավելապես հետևանքային խնդիրների լուծման առաջարկ են: Խնդիրներ, որոնք արդյունք են արատավոր տնտեսական և քաղաքական համակարգի: Ուստի, հիմնականում ապաքաղաքական պահանջների ներկայացումը մարտավարական ոչ ճիշտ ընտրություն էր:

Մյուս կողմից` պետք է նշել, որ չորս քաղաքական ուժերի կողմից 12 կետերի շուրջ համաձայնության գալը եզակի երևույթ է՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի ամբիցիաները, տարատեսակ շահերն ու նպատակները:

Պահանջների առաջադրման համատեքստում կարևոր է հասկանալ հետևյալ հարցերի պատասխաները:

Ոչ իշխանական քառյակը ներկայացված 12 պահանջը դիտարկում է մեկ ամբողջական փաթեթո՞վ, թե՞ կարող է ընդունելի լինել պահանջների մասնակի բավարարումը: Այսինքն, եթե իշխանությունը բավարարում է ենթադրենք 11 պահանջ կամ մասնակի է կատարում պահանջները, ապա դա բավարարելո՞ւ է քառյակին և այն շարունակելո՞ւ է պահանջների ներկայացման գործընթացը: Եթե 12 պահանջները դիտարկվում են մեկ ամբողջություն՝ բավարարման տեսակետից, ապա դա մարտավարական առավելություն է տալիս քառյակին:

Երկրորդ, սեպտեմբերի վերջին, եթե իշխանությունը չի բավարարում քառյակի պահանջները, ապա արդյոք դրվելո՞ւ է համակարգային փոփոխությունների և ամբողջական իշխանափոխության հստակ պահանջ, թե՞ սկսվելու է քառյակ-իշխանություն բանակցային գործընթաց՝ պահանջների քննարկման ուղղությամբ: Եթե սկսվելու է իշխանություն-քառյակ բանակցային տաղտկալի գործընթաց, ապա միանշանակ կարելի է պնդել, որ իշխանությունը հաղթող է լինելու այդ բանակցություններում, և Սերժ Սարգսյանը «բարեհաջող» շարունակելու է պաշտոնավարել:

Պետք է նաև հասկանալ, թե քառյակը առաջադրած պահանջների բավարարման համար ինչպիսի քաղաքական գործիքներ է կիրառելու՝ հրապարակային պայքա՞ր, թե՞ բավարարվելու է միայն կոշտ հայտարարություններով: Վերջին տարբերակի ընտրության դեպքում կարելի է չկասկածել, որ իշխանությունը «բարեհաջող» կուլ է տալու է քննադատություններ: Իսկ մասշտաբային հրապարակային պայքար նախաձեռնելու դեպքում Սերժ Սարգսյանը հայտնվելու է աննախանձելի իրավիճակում:

Չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե քառյակի պահանջները կառուցողական են, այնուամենայնիվ, հազիվ թե կարողանա ամբողջապես բավարարել այդ պահանջները: Այդ դեպքում քառյակին մնում է անցնել ռուբիկոնը ու պայքարի սլաքներն ուղղել բացառապես գործող համակարգի արմատական ապամոնտաժման ուղղությամբ: Այլապես քառյակի ձևաչափը անփառունակ վախճան է ունենալու:

Մեկնաբանել