Ավարտվել է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը Դարֆուրի հետ խաղից առաջ: Խաղն ավարտվել է 12:0 հաշվով՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի:

Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Սպորտային ամենահեղինակավոր այս մրցաշարի մեկնարկից առաջ ավարտվել է ֆուտբոլի մեկ այլ՝ չճանաչված երկրների առաջնությունը Շվեդիայում, որը տեղի է ունեցել հունիսի 1-ից 8-ը: Չճանաչված պետությունների աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը մասնակցել են Աբխազիայի, Քրդստանի, Զանզիբարի (ինքնավար տարածք Տանզանիայում), Միացյալ Դարֆուրի (Սուդանի արևմտյան տարածքներ), Թամիլ Իլամի (Շրի Լանկայի հյուսիսային և արևելյան տարածքներ), Պադանիայի (Հյուսիսային Իտալիա), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ), Ակվիտանիայի (Հարավային Ֆրանսիա), Քվեբեկի (ֆրանսախոս Կանադա) և Էլան Վանինի (Մեն կղզի) հավաքականները: Լեռնային Ղարաբաղի հավաքականը մրցաշարում զբաղեցերել է 9-րդ տեղը:

Eurasianet.org կայքում լրագրող Յակոբ Բալզանին անդրադարձել է այդ առաջնությանը: Նրա հոդվածը թարգմանաբար և կրճատ ներկայացված է ստորև:

Այլընտրանքային մրցաշարին մասնակցել է 12 թիմ, որոնք ներկայացնում են չճանաչված պետություններ, ինչպիսիք են օրինակ Աբխազիան և Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը, Դարֆուրը, Քրդստանը, Թամիլ Իլամը, ինչպես նաև վաղուց կորսված և եվրոպական պետություն դառնալ ձգտող Օկսիտանիան, Պադանիան և Նիցցայի դքսությունը ներկայացնող ակումբներ:

Հունիսի 8-ի եզրափակչում մրցաշարի չեմպիոն է դարձել Նիցցայի դքսությունը՝ հաղթանակ տանելով Մեն կղզու հավաքականի նկատմամբ:

8-օրյա մրցաշարը տեղի է ունեցել Շվեդիայի կենտրոնական Էստերսունդ քաղաքում: Ղեկավար մարմինը, որը թույլ է տվել մրացաշարի անցկացումը, վերջերս ստեղծված Ֆուտբոլային անկախ միությունների կոնֆեդերացիան է (CONIFA): Այն ներկայանում է որպես մարդկանց, պետությունների և սպորտային առումով մեկուսացված տարածաշրջանների կազմակերպություն, որոնք կիսում են միջազգային ֆուտբոլ խաղալու հաճույքը:

Միգուցե աշխարհը չի հետևել մրցաշարին, սսկայն շատ խաղացողների համար այն անհավանական փորձառություն է եղել: «Չեք պատկերացնի՝ ինչ է նշանակում խաղացողի համար դուրս գալ ամբողջ աշխարհից եկած թիմերի դեմ»,- ասում է Լեռնային Ղարաբաղի հավաքականը ներկայացնող Արամ Կոստանյանը:

Մրցաշարում խաղային մակարդակը խիստ տարբեր է եղել: Դարֆուրի թիմը բոլոր հանդիպումներում պարտություն է կրել՝ բաց թողնելով 61 գնդակ՝ առանց պատասխան մեկ գնդակի: Սակայն Դարֆուրի հավաքականի համար մասնակցությունը մրցաշարին կարող է համարվել մեծ ձեռբքերոում: Թիմի խաղացողները ներկայացնում են փախստականների 12 ճամաբար և անձնական միջոցներով են հոգացել ավիատոմսերի ծախսերը:

Դարֆուրը միակ թիմը չէ, որը Շվեդիա հասնելու հարցում խնդիրներ է ունեցել: Աբխազիայի թիմի մենեջերը՝ Ալեքսանդր Թումասյանը, բողոքում է, որ իր թիմի խաղացողների մեծ մասը չի կարողացել այցագիր ստանալ: Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքն առանձնահատուկ է: 2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո Կրեմլը ճանաչել է երկուսի անկախությունը, և շատ քիչ պետություններ են հետևել նրա օրինակին:

Աբխազիայի թիմի անդամները ճամփորդության համար օգտագործում են իրենց ռուսական անձնագրերը։ Մյուսների անձնագրերում, որոնք իրենց ճամփորդական փաստաթուղթը ստացել են 2008-ից հետո, կա կնիք՝ ըստ որի՝ դրանք տրվել են Աբխազիայում Ռուսաստանի դեսպանության կողմից: Շվեդիան չի ճանաչել Աբխազիան, հետևապես այն ֆուտբոլիստները, որոնց անձնագրերում կա այդ կնիքը, այցագիր չեն ստացել: Թումասյանի խոսքով՝ Շվեդիայի դեսպանությունը մերժել է այցագրեր տրամադրել, ինչը թիմի համալրման համար լուրջ խնդիր է առաջացրել:

CONIFA-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանից բողոքի նոտա է ստացել՝ կապված Լեռնային Ղարաբաղի թիմի մասնակցության հետ, ըոտ որի՝ միջազգային հանրությունը շարունակում է ճանաչել տարածքի նլատմամբ Բաքվի իշխանությունը: Նոտան մերժվել է հիմնավորմամբ, որ «աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ պետք է միջազգային ֆուտբոլ խաղալու և իրենց մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունենան»:

Ֆուտբոլիստները երջանիկ են Շվեդիայում մրցաշարին մասնակցությամբ և լիահույս, որ մի օր կմասնակցեն ՖԻՖԱ-ի մրցաշարերին:

Մեկնաբանել