14 հունիս, 2014 17:49

Համագործակցության և գործընկերության փաստաթուղթ՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Ալիևը և Բառոզուն նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, ապա շարունակել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտից հետո Եվրամիության և Ադրբեջանի պատվիրակությունները համագործակցության և գործընկերության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:

ԵՄ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, ԵՄ Խորհրդու նախագահող երկիր հանդիսացող Հունաստանի կողմից Ադրբեջանում այդ երկրի դեսպան Դիմիտրոս Ցոունգասը և ԵՄ-ին կից Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսքենդերովը: 

Ուշագրավ է, որ մայիսի սկզբին Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը գերազանցող  փաստթուղթ, սակայն օրեր առաջ Մամեդգուլիևը ասել էր, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը որևէ բացառիկ բան չէ, և համանման համաձայնագրեր ԵՄ-ն արդեն ունի մի շարք այլ երկրների հետ:

2014թ. հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: