Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հունիսի 14-ին կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:
Հատկանշական է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ պահանջով հանդես եկած Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերից երկուսի՝ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը:
Ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, հունիսի 10-ին խորհրդարանում ներկայացրել են իրենց համատեղ հայտարարությունը, որը ներառում է 12 առաջնահերթ պահանջ` ուղղված իշխանություններին:
Քառյակի ներկայացրած պահանջներից առաջինը վերաբերում է հենց պարտադիր կուտակային բաղադրիչի վերացմանը, աշխատավարձերից կատարված պահումները քաղաքացիներին վերադարձնելուն: Ոչ իշխանական ուժերը պահանջում են նաև ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
Քառյակը նաև պահանջում է վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը, հաստատել «Նաիրիտ գործարան»-ի վերագործարկման ծրագիրը, բացառել «Որոտան հէկերի համալիր»-ի գույքի վաճառքը` առանց ԱԺ հավանության, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը և այլն:
Ներկայացնելով 12 պահանջները` քառյակը մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել իշխանություններին` դրանք լուծելու համար: