Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը բաց է. Տիգրան Բալայան

Վերին Լարս-Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Սիվիլնեթը փորձեց կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ տեղեկությունը ճշտելու և մանրամասների համար, սակայն նախարարությունում հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Մայիսի 17-ին՝ Վրաստանի տարածքում` Վրաստանի տարածքում Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի էր ունեցել հողային փլվածք, որի բարձրությունը կազմում է 15-20 մ։ Ճանապարհահատվածը այս սեզոնին բավական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն միակ ցամաքային ճանապարհն է, որի միջոցով ավտոմոբիլային տրանսպորտով հայկական ապրանքները, մասնավորապես` գյուղատնտեսական ապրանքներն արտահանվում են Ռուսաստան։

Հունիսի 12-ին կառավարութան նիստին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհը, եղանակային պայմանների նորմալ լինելու դեպքում, ակնկալվում է բացել հունիսի 14-15-ին։

Հունիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում:

ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ Վրաստանի Դարիալի կիրճով դեպի Ռուսաստան ժամանակավոր ճանապարհ կբացվի՝ պայմանավորված Մծխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավրոճանապարհի փակ լինելով: Այս մասին հայտարարություն էր տարածել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մեկնաբանել