17 հունիս, 2014 09:00

Ինստիտուտները չպետք է հարմարեցվեն անձերին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր «Պետություններն անցումային շրջանում-2014» զեկույցը, որն ամփոփում է Եվրասիայի, Բալկանների և Արևելյան Եվրոպայի 29 երկրներում վերջին մեկ տարում արձանագրված ազատության ու ժողովրդավարության միտումները։ Ըստ զեկույցի՝ ինչպես անցած, այնպես էլ այս տարի Հայաստանը դասվել է «կիսակարծր ավտորիտար» կառավարման համակարգ ունեցող պետությունների շարքին:

Ավտորիտար կառավարման արդյունքում Հայաստանում հաճախ ձևափոխվում են մի շարք ինստիտուտներ, որպեսզի հարմարեցվեն տվյալ պահին իշխող խմբի պահանջներին:

Վերը նշվածի վառ ապացույցը ֆինանսների նախարարությունում վերջին ձևափոխումներն են: Պետեկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության միավորումից հետո ֆինանսների նախարարության մոտ 100 աշխատակից ազատվել է աշխատանքից։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նախարարությունը փոխում է ըստ իր ցանկության և պահանջների, որպեսզի կարողանա ծառայեցնել պետական համակարգն իր և իրեն սատարող խմբի շահերին: Խաչատրյանը փոփոխությունները կատարել է առանց հաշվի առնելու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը։

Հայաստանում կառավարման համակարգի ինստիտուտները կայուն չեն, և ցանկացած պահի կարող են ձևափոխվել՝ ըստ պահանջների: Ցանկացած անկայունություն վտանգավոր է ֆունկցիոնալ պետություն կառուցելու տեսանկյունից: Հաճախ խաղի կանոնների փոփոխությունը կաթվածահար է անում կառավարման ամբողջ համակարգը: Այդ փոփոխությունները կառավարման համակարգի ներսում գտնվողների համար ուղերձ է, որ նրանք ցանկացած պահի կարող են կորցնել աշխատանքը: Նման գործընթացը նաև անհատի մեջ սպանում է կոմպետենտ մասնագետ դառնալու ցանկությունը, որովհետև աշխատողը գիտակցում է, որ իր աշխատանքը կամ այն կորցնելը պայմանավորված չէ իր ունակություններով:

Սերժ Սարգսյանը նույն տրամաբանության շրջանակում է փորձում իրականացնել Սահմանադրության փոփոխությունները: Նա ցանկանում է կառավարման համակարգի հենքը հանդիսացող փաստաթուղթը ձևափոխումների ենթարկել, որպեսզի այն համապատասխանեցնի իր պահանջներին: Խնդիրն այն է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածի կետը («նույն անձը չի կարող ավելի քան երկուանգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում») խոչընդոտում է նրա՝ իշխանությունը վերարտադրելուն։

Ընդհանրապես, գրեթե բոլոր պետություններում անհատները ցանկություն են ունենում փոխել կառավարման համակարգն այնպես, որպեսզի այն համապատասխանի իրենց քաղաքական նպատակներին: Նման փորձ նույնիսկ կատարվում է ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներում: Տարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնն իրենց «Ինչու են ձախողում պետությունները» գրքում նկարագրում են, թե ինչպես ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը (1933-45 թթ.) իր «Նոր գործարք» ծրագրի իրականացման ընթացքում հանդիպել է խոչընդոտների Գերագույն դատարանի կողմից: Խոչընդոտները շրջանցելու համար նա փորձ է կատարել փոփոխություն կատարել Գերագույն դատարանի ինստիտուտում, սակայն հանդիպել է դիմադրության: Արդյունքում Ռուզվելտը չի կարողացել խաղի նոր կանոններ հաստատել: Այսօր ԱՄՆ-ի հաջողությունները նաև կապված են այն հանգամանքի հետ, որ քաղաքական գործիչները չեն կարողանում փոխել համակարգը՝ համապատասխանեցնելով այն իրենց պահանջներին:

Որևիցե քաղաքական գործչի կամ ուժի շահերին համապատասխան ինստիտուցիոնալ փոփոխությունը մարտահրավեր է պետության ֆունկցիոնալությանը: ԱՄՆ-ում քաղաքական գործչի նպատակների համար ինստիտուցիոնալ փոփոխություններին դիմադրությունը հնարավորություն է տվել շարունակել ֆունկցիոնալ պետության կառուցումը: Հայաստանում ևս կենսական անհրաժեշտություն է թույլ չտալ որևիցե մեկի շահերին համապատասխան ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարվեն: Սահմանադրական փոփոխությունների արգելափակումը ֆունկցիոնալ պետություն կառուցելու թեստ է Հայաստանի համար: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: