17 հունիս, 2014 13:46

Նրանց հիշողության հիշողությունը

Կիրակի՝ հունիսի  8-ին, գտա Ժերար Շալյանի «Իմ հիշողության հիշողությունը» գիրքը և վերցրի կարդալու: Մի քանի րոպե անց գնացի Տերյան 11՝ հետևելու «Փրկենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության խմբի ակտիվիստներին, որոնք փորձում են պահպանել տասնիններորդ դարի վերջին կառուցված այս շենքը: Գրքի առաջին էջերից հասկացա, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության և հիշողությունների կարևորության դերին: Որքան ավելի էի կարդում, այնքան ավելի էի կանգ առնում` հետևելու, թե ինչ է տեղի ունենում իմ շուրջը: Անցյալի հիշողությունը, որը Շալյանը փորձում է պահպանել այս էջերում..․ Անցյալի հիշողությունը, որ այս ակտիվիստներն են փորձում փրկել՝ պաշտպանելով այս պատերը: Անցյալի բառեր և ներկայի գործողություններ: Երևակայական մի կապ, երկխոսություն է ստեղծվում Շալյանի և տարբեր տարիքի այս ակտիվիստների միջև, որոնք պայքարում են Երևանի ճարտարապետական ժառանգության պահպանման համար:
 

«Իմ հենարանն ուղղակի մի սովորական քաղաքի սահմանային պատերն են: Ես ոչ հպարտ Բյուզանդիոնն եմ պաշտպանում, ոչ էլ անգամ սուրբ Երուսաղեմը: Ես պաշտպանում եմ Հաճընը՝ իմ բնակության երազանքի մայրաքաղաքը»:

Արդեն մի քանի տարի է, ինչ բազմաթիվ հայեր համախմբվում են՝ պահպանելու իրենց քաղաքի գեղեցկությունը, անցյալի քարե հիշողությունները: Ոչ թե փառաբանելու անցած ոսկեդարը, այլ հռչակելու ցանկությունը՝ ապրել իրենց հավաքական ինքնությունն արտացոլող պատերի մեջ, տանջահար անցյալի ու քաղաքական, սոցիալական ու աշխարհաքաղաքական առումներով անորոշ ապագայի պայմաններում: Այս պատերը քանդելը հավասար է հայկական ինքնության մի մասի ու հիշողության վերացման:

Բախվելով քաղաքական գործիչների հետ, որոնք անկարող են հասկանալ հիշողության դերի կարևորությունն ու դրանից բխող պատասխանատվությունը, այս երիտասարդները իրենք են որոշել ապահովել իրենց նախնիների հիշողության պաշտպանությունը՝ ավելի լավ ապագա կերտելու համար:

Ավերված պատերով եկեղեցիներ, ջնջված որմնանկարներ, աղճատված մակերևույթ, սակայն դրանց զանգերը քեզ համար հնչեցնում են իրենց ցավը: Հնչեցրեք Անիի Մայր տաճարի զանգերը, Ախթամարի եկեղեցու զանգերն ու ազատ Հայաստանինը: Հիշողություններով լի երգ, որի առաջ անզոր է մոռացկոտ ժամանակը»:  

Այս երիտասարդները չեն ցանկանում տեղի տալ հայոց պատմության ողբերգականությանը, մշտական ոչնչացման և փխրուն ու անորոշ գոյատևման պատմությանը: Մերժել 19-րդ դարի վերջին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծած այս կառույցի ոչնչացումը՝ նշանակում է թույլ չտալ յուրահատուկ հայկական ճարտարապետության վերջին հետքերի անհետացումը:

Ըստ մասնագետների՝ Աֆրիկյանների շենքը յուրօրինակ է Երևանի ու Հայաստանի համար: Ուշ գարնան գեղեցիկ մի գիշեր եկեղեցիների զանգերին փոխարինելու եկան համարակալված քարերի վրայից սպիտակ թվերը մաքրող հղկաթղթի ձայնը, մոռացության գիրկն ընկնելու հեռանկարը բացառող հիշողությունների երգը:

Պատմական հուշարձան ոչնչացնելը նման է գրադարան այրելուն՝ իր անթիվ անհամար մարդկային պատմությունների գրադարակներով: Աֆրիկյանների կառույցի ճակատային մասը կարծես մի շղարշ է, որի հետևում պատմություններ են ապրել, դռներ բացվել, ընտանիքներ բաժանվել, բայց ի վերջո հաշտվել ու հաց կիսել: 1920  թվականին կառույցն ազգայնացվեց և դարձավ Երևան քաղաքի ակումբ, որտեղ տարիներ շարունակ տեղի են ունեցել հայ մտավորականների մշակութային հանդիպումներ և միջոցառումներ:

Այսօր այն ևս մի վայր է, որտեղ կյանքն ընդդիմանում է, ընտանիքներն իրենց օրինական իրավունքն են պահանջում՝ ապրելու իրենց նախնիների պատերի մեջ, իրենց հիշողությունների մեջ: Աֆրիկյանների ընտանիքի պատմությունը մարմնավորում է Հայաստանի անցյալը, և այն չպետք է մոռացվի: Նրանց նախնիներն են կառուցել Երևանում առաջին ջրամղիչ և մաքրման համակարգը տասնիններորդ դարի վերջին:

Լինելով մի քանի ընկերության սեփականատեր՝ նրանք իրենց ներդրումն ունեցան Հայաստանի զարգացման գործում` կատարելով բազում բարեգործություններ և վայելելով հայերի հարգանքը: Քսաներորդ դարի ընթացքում և մինչև այժմ ընտանիքը շարունակել է օգտագործել տարածքը: Այս պատերը եղել են նրանց կյանքի ակամա հանդիսատեսը, ինչպես ժամանակի պահակ՝ ուղեկցելով նրանց դժվարին ու տխուր պահերին: Այս ճակատամասի, ինչպես նաև ցանկացած այլ հայկական ճարտարապետական ժառանգության ոչնչացումը հավասարազոր է ընտանիքի, Հայաստանի պատմության ոչնչացման:

Հայտնի լեհ լրագրող Ռիչարդ Կապուչինսկին գրել է. «Կառավարության կողմից արհամարհված, օբյեկտի վերածված, փոքրացված՝ մարդիկ ապաստան են փնտրում, որտեղ կարող են բնակվել, նահանջել և պահպանել իրենց ով լինելը: Սա անհրաժեշտ է, եթե նրանք ցանկանում են պահպանել իրենց անհատականությունը, ինքնությունը, կամ, գոնե, բանականությունը: Սակայն մի ամբողջ ժողովուրդ չի կարող նահանջել: Այդպիսով, տարածության մեջ տեղափոխվելու փոխարեն նրանք տեղաշարժվում են ժամանակի մեջ»:

Երիտասարդ հայերը ապրում են խրթին ներկայում և հաճախ ստիպված են հայացք նետել անցյալին ապագան ավելի լավ պատկերացնելու համար: Եվ ճարտարապետության համար մղվող նրանց պայքարը դա է ցույց տալիս: Նրանք գիտեն անցյալի հետ պարզ երկխոսության կարևորությունը:

Հայաստանն արժանի չէ այն իշխանություններին, որը կուրացել է ներկայով, որը մոռանում ու ժխտում է անցյալի դժվարությունները և միայն հոգ տանում իր ներկա հարստության ու առավելությունների մասին, որը նեխում են իր «ես»-ը միասնական «մենք»-ի հաշվին առաջ տանելու պատճառով: Վերջին տարիներին այս անպատասխանատու քաղաքական գործիչները վերացրել են Երևանի պատմական ժառանգության 90 տոկոսը: Չնայած 2004-ին նրանք դասակարգեցին այս կառույցը որպես պատմական արժեք ներկայացնող՝ կանխելով դրա քանդումը, այսօր նրանք չեն տատանվում այն քանդելու և տեղը շահութաբեր հյուրանոց կառուցելու համար: Նրանց ցինիկությունը զզվելի է:

Այս ամենը քողարկելու նպատակով կառավարությունն առաջ է քաշել «Հին Երևան» նախագիծը, ըստ որի այդ պատմական շենքերը պետք է վերակառուցվեն քաղաքի այլ մասում: Ծրագրի պաշտոնական մեկնարկից տասը տարի անց ոչ մի շենք դեռ չի վերակառուցվել:

«Աղետի մասշտաբները միշտ շատ ուշ են չափվում»:

Այս շենքի ճակատը քանդվելուց հետո չի վերականգնվի: Ուստի անհրաժեշտ է կանխել դա: Վիկտոր Շոլշերը՝ Ֆրանսիայում ստրկության վերացման օրինագծի հեղինակը, ասել է. «Անարդարացի իշխանության էությունը միշտ պետք է ցնցվի ճշմարտության զգացողությունից»: Հայ ակտիվիստների պայքարը արդարության և անցյալի մեծարման տուրք է: Այն օրինական է և պետք է ստանա բնակչության աջակցությունը: Ճակատից բացի՝ վտանգված է Երևանի ճարտարապետական ժառանգությունը:

«Ավելի քան երբևէ՝ բարոյական ուժն է կարևոր: Երբ հարցը կենսական նշանակություն ունի քեզ համար և ոչ թե հակառակորդի՝ դու արդեն հաղթել ես»:

Խնդիրը կենսական չէ՝ բառիս բուն իմաստով, սակայն այն կենսական է Հայաստանի անցյալի ու հավաքական հիշողության պահպանման համար: Կենսական է հիշողության պահպանումը, որը միակ առհավատչյան է ավելի պայծառ և հաստատուն ներկայի համար: Այսպես համախմբված ակտիվիստներն արդեն իսկ հաղթանակում են Երևանի հիշողության համար մղվող պայքարում:

Մի՛ հանձնվիր, դիմադրի՛ր: Մի՛ մոռացիր, պնդի՛ր: Հիշողությունը ժառանգություն է:

Գիյոմ Նուար դե Շազուրն

For English, click here