«Վրացական երազանքին» հավատաց վրացիների կեսը

Հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատարը իշխող «Վրացական երազանք» դաշինքն է, որը քվեների ավելի քան 98%-ի հաշվման արդյունքում նախնական տվյալների համաձայն՝ ստացել է ձայների 50,97%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Էկի Ազարիշվիլին տեղեկացրել է, որ հաշվվել է 3637 ընտրատեղամասերից 3349-ի քվեները:

Երկրորդ տեղում շարունակում է մնալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշավիլիի գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ ձայների 22,22%-ով, երրորդ տեղում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորած «Բուրջանաձե-Միացյալ ընդդիմություն» դաշինքն է՝ ձայների 10,23%-ով:

Մայրաքաղաք Թբիլիսիում առաջատարը իշխող դաշինքի թեկնածու Դավիթ Նարմանիան է, որը ստացել է ձայների 46,12%-ը, սակայն ինչպես Թբիլիսիում, այնպես էլ ևս 7 քաղաքներում քաղաքապետը կընտրվի երկրորդ փուլով, ինչի մասին հայտնի էր դարձել ընտրությունների արդեն հաջորդ օրը: Նարմանիան երկրորդ փուլում կմրցի Սաակաշվիլիի կուսակցությունը ներկայացնող Նիկա Մելիայի հետ, որը ստացել է ձայների 27,9%-ը: «Վրացական երազանքին» 12 քաղաքներից, որոնցում ընթանում էին քաղաքապետի ընտրություններ, մեկ փուլով հաղթանակ հաջողվել է տանել միայն չորսում՝ Ախալցխայում, Ամբրոլաուրիում, Քութայիսիում և Զուգդուդիում: Հայաբնակ Ախալցխայի քաղաքապետ է դարձել Գիորգի Քոփաձեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձանգրված արդյունքները արդար և թափանցիկ ընտրությունների ցուցիչ է համարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: «Յուրաքանչյուր ընտրողի ձայնը պաշտպանվել է, և իշխանությունները չեն միջամտել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» իշխող դաշինքի ոգևորությունը չի կիսում: Բուրջանձեն էլ արդյունքները համարել է «նախկին և ներկա իշխանությունների դավադիր պայմանավորվածության» արդյունք:

Վրաստանի տեղական, ինչպես նաև միջազգային դիտորդները արձանագրել են մի շարք խախտումներ՝ ընդգծելով, որ դրանք վերջնական արդյունքների վրա չեն կարող ազդել:

Մեկնաբանել