Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հունիսի 18-ին Գերագույն ռադա է մտցրել Անդրեյ Դեշչիցային երկրի արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ կարգադրության նախագիծ։ Միաժամանակ՝ նա առաջարկել է արտգործնախարարի պաշտոնում նշանակել Պավել Կլիմկինին, հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։
Անդրեյ Դեշչիցան Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարն է այս տարվա փետրվարից։ Հունիսի 14-ին Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հուզումների ժամանակ նա ոչ վայելուչ արտահայտություն էր թույլ տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան հայտարարել էր, որ իր ուկրաինացի պաշտոնակիցն անցել է թույլատրելիի սահմանը, ինչպես նաև կասկածի տակ էր առել նրա հետ հետագա համագործակցությունը։
Պավել Կլիմկինը 2012-ից Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն է։