Սարգսյանը նախապես տեղյակ էր Ալիևի նամակի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում տեսակետը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Այս մասին նախագահն ասաց հունիսի 17-ին` Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակում` անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ մտահոգություններին և Աստանայում Ղազախստանի նախագահի ընթերցած նամակին:

Մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի համաձայն` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Սերժ Սարգսյանը Ղազախստանի նախագահի հայտարարությանն անդրադարձել էր միայն Երևան վերադառնալուց հետո:

«Ինձ համար այս հարցը սպառված է: Ես զարմանում եմ, որ մենք դեռ շարունակում ենք քննարկել այն: Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ է: Այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես այն այս 20, 22, 23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի` մոտեցումը սխալ է: Վստահ եմ` ոչ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նախագահը:

Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, և «որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է»:

«Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով` մենք չենք ճանաչել ԼՂՀ անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունը, հարցերի այսօրվա վիճակը: Կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է,- ասաց Սերժ Սարգյանը` հավելելով, որ եթե անդամակցության հետ կապված հարցեր մնացել են, ապա դրանք հուզական մակարդակում են: -Եվ ես մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկությունները»:

Անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահի հնչեցրած մտքերին` Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ քաղաքականության և դիվանագիտության մեջ հույզերը տեղ չունեն:

«Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը տասնյակ հարյուրավոր անգամներ օրական և, իհարկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Անհասականալի կլիներ, որ Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և՛ Ղազախստանի նախագահին, և՛ Ռուսաստանի նախագահին, և՛ Բելառուսի նախագահին: Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ հանգամանքը, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, և նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, և այդ տասը մարդուց ավելին էլ գիտեինք, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագաներին: Բացի այդ` մենք ունեինք անցյալի փորձը: Մինսկում Ղազախստանի նախագահն այդ հարցերը բարձրացրեց: Հարցը նպատակահարմարության մասին է` որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Երբ ես ասում էի` տհաճ էր, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով էր, այլ տհաճ էր, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Հայաստանի Հանրապետությունն ունի իր հստակ սահմաները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ` նախագահը, դիմելով իր քննադատներին, ասաց. «Խնդրում եմ, մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, սա ոչ միայն վիրավորական է, այլև` անհեթեթ»:

Նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության պարագայում առաջացող տնտեսական խնդիրներին, քառյակի պահանջներին, շփման գծի լարվածությանը և մի շարք այլ հարցերի։

Մեկնաբանել