21 հունիս, 2014 16:35

Կոռուպցիան լեգիտիմացնելու մեխանիկան

Երևանում վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հայտարարություն է տարածել, թե ընկերության բաժնետեր Տիգրան Հարությունյանը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը:

Ընկերությունը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը։ Այն բավական շահավետ դիրք ունի շուկայում, և կասկած չկա, որ դրա դե ֆակտո տերերը մեծ թվով եկամուտներ են ստանում: Հետաքրքիր է, որ 2013թ. Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը հանձնեց մի ընկերության, որը հիմնադրվել էր ընդամենը 2012թ. և ոլորտում աշխատանքի որևիցե փորձ չուներ։ Երևի հենց փորձի պակասի պատճառով է քաղաքապետարանը որոշել, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության բյուջե պետք է մուտքագրվի ավտոկայանատեղերի վճարումներից ստացված գումարի 70%-ը:  

Քաղաքապետարանը նաև ըմբռնումով է մոտեցել այն հանգամանքին, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը, և այդ հանգամանքն էլ կարևոր դեր է խաղացել, որպեսզի վճարումների 70%-ը զիջի այդ ընկերությանը: Իրականում «Փարկինգ սիթի սերվիսը» վճարումների 70%-ը ստանում է ասֆալտի վրա կարմիր գծեր քաշելով, այդ տեղամասերում վճարումների մասին վահանակներ դնելով և տեսախցիկների ծառայություն ապահովելով: Աշխարհում դժվար է գտնել որևէ այլ պետություն, որի մայրաքաղաքում հնարավոր լիներ նման չնչին աշխատանքի համար այդքան մեծ տոկոսներով եկամուտ ստանալ: Նման բախտ միայն վիճակված է Սերժ Սարգսյանի մերձավորներին:

Շուկայում նման դիրք ունեցող ու քաղաքական կապեր ունեցող ընկերության կողմից հայտարարությունը, որ պատրաստ են վաճառել ընկերության բաժնետոմսերի 100%-ը, կասկածի տեղիք են տալիս: Հայտարարության թիրախ են հանդիսանում ընկերության գործունեությունը քննադատողները: «Փարկինգ սիթի սերվիսի» տնօրենը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել «վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումային գումարների չափով»:

Սրանով փորձում են ասել, որ ովքեր այդ ընկերությանը քննադատում են, կարող են գնել բաժնետոմսերը և ստանալ այդ եկամուտները: Խարդախությունն այն է, որ հիմնական քննադատողները ոչ թե պնդում են, որ ընկերությունը տնօրինեն, այլ որ 70%-ը չփոխանցվի «Փարկինգ սիթի սերվիսին»: Բացի այդ էլ բոլորին հայտնի է, թե ինչպես կարելի է «Փարկինգ սիթի սերվիսի» ներդրումային գումարների չափերը փաստաթղթերով ուռճացնել և այնպիսի թիվ առաջարկել, որ որևիցե մեկը ցանկություն չունենա գնել այն:

Այդ դեպքում «Փարկինգ սիթի սերվիսը»  որոշ ժամանակ հետո հնարավոր է՝ նոր հայտարարություն տարածի՝ նշելով. «Տեսնո՞ւմ եք՝ տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական որևիցե անձ պատրաստ չի գնել «Փարկինգ սիթի սերվիսը» ընկերության արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով: Իսկ դա նշանակում է, որ ընկերությունը գերշահույթներ չունի, ինչպես պնդում են»:  

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: