23 հունիս, 2014 18:33

Սերժ Սարգսյանին՝ ընդամենը մեկ հպում

Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի նախագծի քվեարկությունն անցավ «Իրավական ակտերի մասին» օրենքի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կոպտագույն խախտումներով:

Փաստացի իշխանությունն այս քայլով կոպտորեն մերժեց ոչ իշխանական քառյակի առաջադրած 12 պահանջներից հենց առաջին պահանջի կատարումը: Եթե քառյակը 12 պահանջների կատարումը դիտարկում է մեկ ամբողջական փաթեթի մեջ, ապա պետք է արդեն հայտարարի, որ իշխանությունը հրաժարվում է բավարարել 12 կետանոց պահանջագիրը, և անցնի համապատասխան գործողությունների: Բնականաբար հնարավոր գործողությունների նպատակակետ պետք է լինի Սերժ Սարգսյանի հեռացումը:

Խորհրդարանական ուժերի պահանջները ուղղակիորեն պաշտպանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հունիսի 23-ին կոշտ քննադատության արժանացրեց Որոտանի հէկի վաճառքը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տուգանքների չափերը, ինչպես նաև Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրված նոր համակարգը: Սա այլ կերպ, քան ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջներին աջակցություն, դժվար է գնահատել:

Այսպիսով, քաղաքական խորապատկերում ուժերի դասավորությունը ամենևին Սերժ Սարգսյանի օգտին չէ: Վերջինս իշխանություն ունենալով հանդերձ՝ բացարձակ միայնակ  է մնացել իր ՀՀԿ-ի հետ։ Սարգսյանի նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին ավելորդ է խոսել. գործող նախագահի հանրային լեգիտիմությունը զրոյական է: Իշխանությունն օր օրի ավելի ու ավելի մեծ ճիգեր գործադրելով է կարողանում դիմակայել հանրային և քաղաքական ճնշմանը: Տպավորություն է, որ Սարգսյանն իր թիմով կանգնած է անդունդի եզրին, և բավական է մեկ հպում, որ նա հրաժեշտ տա նախագահական նստավայրին։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: