Գազի հարցով պատգամավորները չորս ամիս էլ կզբաղվեն

Պատգամավորներին գազի «հիմնավորված սակագինը» պարզելու համար դեռ չորս ամիս ժամանակ կպահանջվի։

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի այս տարվա փետրվարին ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները երկարաձգվել են չորս ամսով։ Այս ընթացքում հանձնաժողովին հաջողվել է պատրաստել գործունեության միայն միջանկյալ եզրակացություն, որում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Պատգամավորները գտնում են, որ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի գազի սակագնի հաշվարկի հիմքում դրված՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների թվաքանակի մոտ 1000-ով ավելացումը, նորոգման և նյութական ծախսերը, ինչպես նաև շահույթի թույլատրելի չափը։

Ըստ Ազգային ժողովի 2014թ. փետրվարի որոշման՝ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացություն ԱԺ-ին պետք է ներկայացներ մինչև հունիսի 12-ը։ Հանձնաժողովը, սակայն, հունիսի 18-ի արտահերթ նստաշրջանին ներկայացրել է միայն միջանկյալ եզրակացություն:

Այս հանգամանքը հանձնաժողովը պայմանավորվել է նրանով, որ այս ընթացքում շահագրգիռ պետական կառույցներին և «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն ուղարկվել է 103 հարցից կազմված հարցաշար, ստացվել են պատասխաններ մոտ 1800 էջ ծավալով։ Հանձնաժողովը դեռևս չի հասցրել ծանոթանալ բոլոր նյութերին, դրանց զգալի մասը ստացվել է միայն վերջերս և դեռևս ուսումնասիրության փուլում է:

Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ հանրապետական Վարդան Այվազյանն արտահերթ նիստում առաջարկել է ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը (ևս չորս ամսով):

Այդուհանդերձ, հանձնաժողովին հաջողվել է պարզել, որ հայ-վրացական սահմանի վրա 1000 խմ գազի ձեռքբերման 189 դոլար գնի և մինչև 10000 խմ գազ սպառողների համար գործող՝ 391 դոլար և 10000 խմ-ից ավելի ծավալ սպառողների համար՝ գործող 275 սակագնի ձևավորման վրա էական ազդեցություն ունեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի ֆոնդը և աշխատողների թվաքանակը, համակարգի հիմնական միջոցների մաշվածությունը, նյութական և նորոգման ծախսերը, շահույթի թույլատրելի չափը:

Այսպես, բնական գազի գործող սակագնի հիմքում շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկվել են 20,3 մլրդ դրամ (11944 դրամ/1000 խմ)՝ նախորդ սակագնի հաշվարկներով նախատեսված 10,3 մլրդ դրամի (6631 դրամ/հազ խմ) դիմաց:

Աշխատավարձի գծով ծախսերն ավելացել են 8,9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի ավելացմամբ՝ 119000 դրամի փոխարեն ներկայում 227000 դրամ, ինչպես նաև աշխատողների թվաքանակի ավելացմամբ (5783 աշխատող՝ նախկին 4792-ի դիմաց):

Հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունում նշվում է, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի ընկերությունում աշխատողների թվաքանակի շուրջ 1000-ով ավելացումը և միջին ամսական աշխատավարձի շեշտակի աճը՝ 108000 դրամով: Հիմնավորման կարիք են զգում նաև սակագնի հաշվարկման գործընթացում 670 մլն դրամի չափով նորոգման և նյութական ծախսերը, որը նախկին սակագնի համեմատ ավելի է 29,8%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին երեք տարիներին ապրանքային և ծառայությունների համապատասխան շուկաներում նման չափի գնաճ չի արձանագրվել:

Ըստ հանձնաժողովի միջանկյալ եզրակացության՝ լրացուցիչ հիմնավորման և պարզաբանման կարիք ունի նաև «Գազպրոմ Արմենիա»-ի 10% շահույթի թույլատրելի չափը՝ հաշվի առնելով գազի սակագնի էական բարձրացումն ու գազամատակարարման և գազաբաշխման համակարգի թերբեռնվածության փաստացի աստիճանը (8 մլրդ խմ կարողության պայմաններում փաստացի սպառվում է 1,7 մլրդ խմ գազ): Հանձնաժողովում հաշվարկել և ստացել են, որ գազի սակագնի բարձրացմանը զուգընթաց էապես բարձրացել է նաև «Գազպրոմ Արմենայի» շահույթի ծավալը՝ 1000 խմ-ի հաշվարկով շուրջ 12%:

Մեկնաբանել