Ճարտարապետի կյանքի գործը

Սաշուր Քալաշյան։

Ճարտարապետական հուշարձաններ կան, որոնք խորհրդանշելով որևէ իրադարձություն, ժամանակի հետ իրենք են վերածվում խորհրդանիշի: Նման կառույցներից է Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող Մեծ եղեռնի հուշահամալիրը` հեղինակությամբ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի: Վերջինս այսօր աշխատում է «Հայնախագիծ» ինստիտուտում` որպես ճարտարապետական արվեստանոցի ղեկավար: Նրա հետ հանդիպում-զրույցի հիմնական թեման վերոհիշյալ կոթողի ստեղծման պատմությունն էր, ինչպես նաև մերօրյա ճարտարապետական մի քանի հրատապ հարցեր:

Զրույցից տեղեկացանք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բաց մրցույթ էր հայտարարվել ողբերգական այդ իրադարձության 50-ամյակի նախօրեին՝ 1965թ. մարտի 16-ին: Մինչ այդ էլ, նախորդող տարվա ավարտին, Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի այն օրերի նախագահ Անտոն Քոչինյանն իր մոտ էր հրավիրել ճարտարապետական տասը խմբերի՝ նրանց հանձնարարելով նախագծեր ներկայացնել 1915-ի եղեռնի թեմայով: Դրանք ամփոփելու ժամանակ նշվել էր, որ գրեթե բոլորը շեշտը դրել են միմիայն ողբերգության վրա՝ կարծես մոռանալով, որ եղեռնազարկ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել:

Եվ ահա, հաշվի առնելով գաղափարական այդ նկատառումը, գյումրեցի երիտասարդ ճարտարապետներ 33-ամյա Արթուր Թարխանյանը եւ 29-ամյա Սաշուր Քալաշյանը մրցույթի են ներկայացնում իրենց հեղինակային նախագիծը, որը լավագույնն է ճանաչվում 69 այլ նախագծերից: Շինարարական աշխատանքները տևում են 2 տարի. հուշահամալիրի բացումը կատարվում է 1967թ. նոյեմբերի 29-ին: «Կառույցի ճարտարապետական մտահղացման հիմքում ընկած է ուղղանկյուն մեծաչափ տապանը, որն առաջին հայացքից շատերը չեն նկատում,- պարզաբանում է զրուցակիցս։- Դրա ներքո ոչ թե 1,5 մլն զոհերի աճյուններն են հանգչում, այլ նրանց անմեղ հոգիների տառապանքը, որ 12 թեքադիր մույթերի տեսքով կարծես պատռում-դուրս է գալիս տապանի հարթ մակերեսից: Ու եթե այդ մույթերն ուզենանք մտովի ետ ծալել, «կվերականգնվի» ողորկ հարթությունը` տեղ թողնելով միայն անմար կրակի համար»: Իրոք, իջնելով ներքև` այցելուն չի տեսնում հորիզոն: Նպատակը մեկն է. նա պիտի ներամփոփվի՝ հարաբերվելու համար բյուր նահատակների հոգիների հետ:

Մեծ եղեռնի հուշահամալիրի Սգո պատը։

Այն, որ մույթերի թիվը 12-ն է, և շատերն ուղիղ կապ են տեսնում Արևմտյան Հայաստանի վիլայեթների թվի հետ, Սաշուր Քալաշյանը «ֆոլկլոր» է համարում և «անլուրջ զրույց»՝ գտնելով, որ «ճարտարապետությունը, որպես կանոն, չի առնչվում թվային սիմվոլների հետ»: Դա պարզապես համաչափության ու ճարտարապետական հարմոնիայի խնդիր է եղել, որ մեծ ճաշակով են լուծել ճարտարապետ-հեղինակները: «Այդ պատռվածքը,- շարունակում է ՀՀ վաստակավոր ճարտարապետը,- կարող էր լինել 4-կտորանի, կամ՝ 8, կամ էլ՝ 12: Դրանք պարտադիր պիտի 4-ի բաժանվեին, և գեղագիտական առումով ընտրությունը կանգ առավ 12-ի վրա»:

Ինչ վերաբերում է «Հիշատակի դահլիճի» հարևանությամբ դեպի երկինք խոյացող 40 մետրանոց հուշասյանը, այն ևս մասնագիտական գրականության մեջ կապակցվում է Մայր հայրենիքի և Սփյուռքի միասնության հետ: Իրականում, ըստ հեղինակային մեկնաբանության, նման բան ևս չկա: Դա ուղղակի կյանքի խորհրդանիշ հանդիսացող ծիլ-ցողունի քարե խորհրդանիշն է՝ բաղկացած միմյանց շարունակություն կազմող 2 թերթերից:

Սաշուր Քալաշյան և Արթուր Թարխանյան, 1967թ.։

Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով քաղաքային միջավայրից՝ հուշահամալիրը միևնույն ժամանակ ներդաշնակության մեջ է շրջակա միջավայրի, ի մասնավորի՝ հեռվում երևացող Արարատ լեռան ուրվանկարի հետ: Այցելուների վրա այդ խորիմաստ կառույցի ազդեցությունը պայմանավորված է նախ՝ նրա զուսպ, դեկորատիվ հավելումներից զերծ ծավալատարածական կերպարով, ապա՝ նրանում մշտապես հնչող երաժշտության տրտմաթախիծ մեղեդիներով: Այդ առումով այն ճարտարապետության և երաժշտության համադրության եզակի նմուշներից է համաշխարհային ճարտարապետության մեջ, որը ցույց է տալիս քարարվեստի անսահմանափակ հնարավորությունները՝ հակիրճ, խիստ ու ազդու ձևերով կերտելու կատարյալ ստեղծագործություն:

Դեպի հուշահամալիր տանող ճանապարհի ձախ երկայնքով 100մ ձգվող հուշապատը սկզբնապես նախատեսված է եղել քանդակների համար: Նույնիսկ քանդակագործ է հրավիրվել՝ ներկայացնելու համապատասխան էսքիզներ: Սակայն քննարկումներից հետո նկատվել է, որ այն կթուլացնի առկա հուզական ազդեցությունը: Ուստի ետ կանգնելով քանդակազարդ մակերեսի գաղափարից՝ այդտեղ դաջվել են Պոլսից Դեր Էլ Զոր ձգվող մահվան երթի հիմնական բնակավայրերի անունները: Սաշուր Քալաշանի համոզմամբ, ցեղասպանության թեման հնարավոր չէ ամբողջապես արտահայտել կերպարվեստի որևէ տեսակով՝ նկարչություն լինի թե քանդակագործություն: «Այդ կերպ,- ասում է նա,- լավագույն դեպքում, միայն 1-2 դրվագ կարելի է ներկայացնել»:

Շուրջ 4500քմ զբաղեցնող հուշահամալիրի տարածքը 1995-ին համալրվեց թանգարանային նորակառույցով: Սաշուր Քալաշյանի հեղինակակիցն այս անգամ Լյուդմիլա Մկրտչյանն էր, ում հետ նա աշխատանքը տարավ դարձյալ ստորգետնյա (ներհարթակային) մտահղացման ուղղությամբ: Բանն այն է, որ ծավալատարածական առումով այն որևէ ազդեցություն չպիտի ունենար հուշահամալիր վրա: Այժմ էլ` Մեծ եղեռնի 100-մյա տարելիցին ընդառաջ ընդլայնվում ու ընդարձակվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Նախագծի հեղինակը դարձյալ Սաշուր Քալաշյանն է, որի կյանքի գործն է դարձել ծիծեռնակաբերդյան այդ անկրկնելի կառույցը:

Նա, սակայն, ՀՀ պետական մրցանակի է արժանացել մեկ այլ ճարտարապետական համարձակ ծրագրի՝ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ստեղծման համար: «Այն ժամանակ դեմ էին նույնիսկ Լենինականի քաղկոմն ու քաղխորհուրդը,- հիշում է 1976-1994 թթ. քաղաքի գլխավոր ճարտարապետը և շարունակում,- նրանց համար ավելի դյուրին էր հինը քանդել և տեղում նորը կառուցել: Փաստահավաք մեծ աշխատանք կատարվեց վերևներին համոզելու համար, որ գործ ունենք պատմական մեծ արժեքի հետ՝ արժանի պահպանման»: Այդ խորքի վրա այն, ինչ այսօր կատարվում է մայրաքաղաք Երևանի հետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետը համարում է չիմացության, ավելին՝ անգրագիտության և պետական-մշակութային մտածելակերպի իսպառ բացակայության արդյունք, ինչպես նաև հղփացած օլիգարխիկ վերաբերմունքի հետևանք: Նրա կարծիքով այսպես այլևս չի կարելի շարունակել:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մեզ չէր կարող չհետաքրքրել ևս երկու հարց: Մեկը Երևանի՝ շուտով 2796 տարեկան լինելու հանգամանքի նրա մեկնաբանությունն էր, որը կարճ էր ու կտրուկ. «Ասվածի մեջ իրականություն չկա. դա հումորի ժանրից է»: Երկրորդն էլ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման խնդիրն էր, որն այսօր հուզել է ողջ հասարակությանը: Այս կապակցությամբ հետևյալ պատասխանը լսեցի. «Պետք է շատ զգույշ լինել քաղաքական գործիչների արձաններ տեղադրելիս: Նման դեպքերում համաժողովրդական հավանությունը պարտադիր պայման է»:

Լևոն Լաճիկյան

Մեկնաբանել