Կառավարությունը գիտի ում օժանդակել՝ կազինոյին

Թե ինչ շարժառիթներ են ընկած խաղատնային բիզնեսին արտոնություն տրամադրելու կառավարության որոշման հիմքում, հայտնի չէ:

Կառավարությունը գիտի՝ ինչպես զարգացնել տնտեսությունը և ինչ թիրախներ ընտրել հարկային արտոնությունների համար: Հունիսի 26-ի նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, որով «Սենատոր» կազինոների սեփականատեր «Սենատոր գրուպ» ընկերությանը տրվում է արտոնություն՝ 300,6 մլն դրամի մաքսային արժեքով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներկրված խաղային ավտոմատների համար մաքսատուրքի վճարումը երկարաձգելու երեք տարով՝ մինչև 2017թ. հունիսի 18-ը: Արդյունքում պետբյուջե չի մուտքագրվի 96 մլն դրամ (10% մաքսատուրք և 20% ավելացված արժեքի հարկ)։ Խաղատնային գործունեության ծավալող եկամտաբեր ընկերությանն արտոնություն տրամադրելու կառավարության քայլը հարցեր է առաջացնում:

Հարց 1

«Սենատոր գրուպը» արդեն մեկ անգամ՝ 2013թ. հունիսին, մեկ տարով օգտվել է «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմից։ Մաքսային օրենսգրքով սահմանված է, որ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ներմուծումը՝ ապրանքների հետագա արտահանման պայմանով։ Պարզ ասած, երեք տարի անց «Սենատոր գրուպը» կա՛մ պետք է արտահանի ներկրված խաղային ավտոմատները, կա՛մ դրանք մաքսազերծի։ Կառավարությունը չի հիմնավորում, թե երեք տարի հետո ինչ են արվելու ներմուծված սարքերը:

Հարց 2

Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետի երկարաձգումը հիմնավորում է նրանով, որ ընկերությունը մշտապես բարձր դիրքեր ունի խոշոր հարկատուների ցանկում: Իրական պատկերը, սակայն, այլ է. «Սենատոր գրուպը» այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում եղել է ընդամենը 479-րդ տեղում՝ 52 մլն դրամ հարկով, որից 48,8 մլն դրամը եղել է հաստատագրված վճար:

Հարց 3

Էկոնոմիկայի նախարարությունն իր հիմնավորման մեջ նաև նշում է, որ 2012թ. կատարած ուսումնասիրության համաձայն՝ ընկերությունը ոլորտի առաջատար է և տեղական շուկայում ապրանքանիշի ճանաչելիությամբ առանջին տեղում է։ Թե ինչ ուսումնասիրության մասին է խոսքը, ինչ չափանիշով և մեթոդոլոգիայով է «առաջին տեղը» որոշվել, հայտնի չէ: Խաղատանը հարկային արտոնություն տրամադրելու նպատակահարմարությունը նախարարությունը կապում է նաև Ծաղկաձորում «Զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի» հետ։

Անհասկանալի բաժնետերեր

Կառավարության որոշումն առավել ուշագրավ է ընկերության հիմնադիր փաստաթղթերն ուսումնասիրելու դեպքում։ «Սենատոր գրուպը» 2007թ. հիմնել է ոմն Գուրգեն Գևորգյան: 2009թ. Գևորգյանը դուրս է եկել ընկերությունից և այն փոխանցել «Յունիկում-Արմենիա» ընկերությանը (հիմնադիրը Կարինե Էլչիբեկյան)։ Հետագայում «Յունիկում-Արմենիա»-ի 100% բաժնեմասը անցել է նույն ընկերության հիմնադիր Կարինե Էլչիբեկյանին։ Վերջինի մասին տվյալները սուղ են: Հայտնի է միայն, որ նա ծնվել է 1976թ. և գրանցած է Երևանի Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքում։

Թե իրականում ինչ շարժառիթներ են ընկած խաղատնային բիզնեսին նման արտոնություն տրամադրելու կառավարության որոշման հիմքում և որևէ փոխկապվածություն ունե՞ն արդյոք խաղատան սեփականատերերը պետական չինովնիկների հետ, առայժմ պարզել չհաջողվեց։

Արմենակ Չատինյան

Մեկնաբանել