Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հունիսի 25-ի նիստում վավերացրել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության վավերացման մասին» օրենքը:
Ինչպես հաղորդում է Դաշնության խորհրդի կայքը, որպես զեկուցող հանդես է եկել խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
Համաձայնագրով արգելվում է առանց արտահանման մաքսերի գանձմամբ մատակարարվող ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, ժամանակավոր գործում է ստորագրումից 20 օր անց և ուժի մեջ է մտնում կողմերի կողմից միջպետական անհրաժեշտ գործընթացների իրականացման մասին գրավոր վերջին ծանուցման ստացումից հետո:
Արտահանման մաքսատուրքերի չգանձման մասին դրույթները գործում են մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Դրանց կիրառման ժամկետը կողմերի որոշմամբ կարող է երկարաձգվել:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում:
Այս համաձայնագրի կնքման արդյունքում Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի և նավթամթերքի վրա չեն կիրառվի արտահանման մաքսատուրքերը: Գազի Հայաստան առաքվող 189 դոլար/1000 խմ գինը պայմանավորված է նրանով, որ այս որոշման արդյունքում Հայաստան ներկրվող գազն ազատվել է Ռուսաստա նում կիրառվող 30% արտահանման տուրքից: Մինչ այս Հայաստանը Ռուսաստսնից գազը ձեռք էր բերում 270 դոլար/1000 խմ գնով: