28 հունիս, 2014 11:00

Սարաևոյի սպանությունից 100 տարի անց

1914թ. հունիսի 28-ին Սարաևոյում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը:

1914թ. հունիսի 28-ին Սարաևոյում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան Ֆերդինանդի սպանությունը դիտարկեցին որպես պատրվակ Սերբիայի վրա հարձակվելու համար, որով և սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից քսաներեք տարի հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ավարտից հետո մինչ այսօր աշխարհում պահպանվում է հարաբերական խաղաղություն: Հարաբերական, քանի որ 1945-91թթ. երկու գերտերություններ՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը, ուղղակի չեն պատերազմել, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվել:

Ընդհանրապես, պատերազմի պատճառների տարբեր տեսություններ կան: Ըստ այդ տեսությունների՝ պատերազմի պատճառներից մեկը մարդու բնույթն է (իրականում, եթե մարդու բնույթը լիներ պատերազմի պատճառ, ապա հարց կառաջանար, թե ինչու մարդու բնույթը չի խանգարել խաղաղություն հաստատել 1945թ. կամ ինչու մինչ այսօր երրորդ համաշխարհային չի սկսվել), մյուս տեսությունը պնդում է, որ պատերազմի պատճառ է պետության կառուցվածքը: Եթե այդ տեսությունը ճիշտ է, ապա հարց է առաջանում, թե ինչու են բոլոր կառավարման մոդելները՝ ժողովրդավարությունից մինչև ամբողջատիրություն, պատմության ընթացքում գնացել պատերազմի:

Ժան Ժակ Ռուսոն գտնում է, որ պատերազմի հիմնական պատճառը ոչ թե մարդու բնույթն  է կամ պետության կառավարման ձևը, այլ միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը: Եթե կառուցվածքի ներքո Ռուսոն հասկացել է նաև ուժերի բալանսը, ապա այդ տեսությունը կարողանում է բացատրություն տալ 1945 թվականից հետո աշխարհում հարաբերական խաղաղության պատճառների մասին:

Երկրորդ համաշխարհայինից հետո ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի մրցակցության արդյունքում աշխարհի տարբեր կետերում երրորդ կողմերի միջոցով վերջիններս ներգրավվել են ընդհարումների մեջ, սակայն այդ ընդհարումները երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ չեն հանդիսացել: Ատոմային ռումբի առկայությունը և փոխադարձ ոչնչացման վտանգը երկու կողմերին հեռու է պահել լայնածավալ պատերազմից:

ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը ոչ անմիջական բախվել են Կորեայի և Վիետնամի պատերազմներում, Կուբայի ճգնաժամի ընթացքում և այլ պատերազմներում: Կարծիք կա, որ Կուբայի ճգնաժամի ընթացքում կողմերն ամենամոտն են եղել լայնածավալ պատերազմի: Բազմաթիվ առիթներ են եղել պատերազմը սկսելու համար. Կուբայում ամերիկյան ինքնաթիռ են ոչնչացրել, խորհրդային նավերը խախտել են կարանտինի ռեժիմը, սակայն այդ գործոններից ոչ մեկը պատերազմի պատճառ չեն հանդիսացել:

Ի դեպ, դեռ 1961թ. ԱՄՆ-ի հետախուզական ուժերը կազմակերպել էին ներխուժում Կուբա, ճիշտ է՝ պարտություն են կրել, սակայն ավելի ուշ՝ 1962թ., ատոմային ռումբերի տեղակայման մասին ինֆորմացիա ստանալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ներխուժման որոշում չի կայացրել: Ատոմային ռումբը զսպող դեր է կատարել: Հետաքրքիր է, որ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի առիթ է հանդիսացել, սակայն ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև բազմաթիվ ընդհարումները երրորդ համաշխարհային պատերազմի առիթ չեն հանդիսացել:

Կարծիք կա, որ Անաստաս Միկոյանը կարևոր դեր է խաղացել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու հարցում: Իրականում մարդկային գործոնը չի կարելի գերագնահատել ճգնաժամերի հաղթահարման գործում:

1945-91թթ ԽՍՀՄ-ը յոթ առաջնորդ է ունեցել, իսկ ԱՄՆ-ը՝ ինը նախագահ: Այդ տասնվեց գործիչներն ամենամեծ ազդեցությունն ունեին պատերազմ սկսելու որոշումը կայացնելու համար, սակայն նման որոշում չի կայացվել, որովհետև փոխադարձ ոչնչացման վտանգը նրանց զերծ է պահել այդ որոշումից:

Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերական խաղաղության պատճառը ևս ուժերի բալանսն է: Եվ պատերազմը վերսկսելու պատճառ միայն կարող է լինել ուժերի հավասարակշռության խախտումը: Իլհամ Ալիևի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունները իրականություն չեն դառնում, քանի որ ուժերի հավասարակշռությունը ստիպում է նման որոշում չկայացնել:

Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր պատճառը ուժերի հավասարակշռության խախտումն էր, ոչ թե Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը. այն պարզապես առիթ էր:

Պատերազմի գլխավոր պատճառները միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքըն ու պետությունների միջև ուժերի հարաբերությունն է:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: