«Ընդհանուր ապագա» և միակողմանի հատուցում. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել ««Ընդհանուր ապագա» և միակողմանի հատուցում» վերնագրով: Հոդվածն աբողջությամբ ներկայացված է ստորև:

Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որևէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է բանաձևվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետևեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչև այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձևի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև նոր և ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները և քաղաքագետները կողմերի միջև հոգեբանական պատվարները հաղթահարելու և արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. և եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին, մտավորականներից և քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջև գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միևնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է պատմագետներ և գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է պատմաբանների միացյալ հանձնաժողովի միևնույն ծուղակը: Նույն Դավութօղլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաև թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. Եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը և երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի և թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստթուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաև գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. Ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, և հիմա ընդհանուր ապագա: Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ hատուցման բանաձևը 4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եվ այստեղ հոգեբաններից և մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. և արդեն կատարում են։

Մեկնաբանել