30 հունիս, 2014 12:30

Հայաստանում մարդու իրավունքները կպաշտպանվեն ռազմավարությամբ

Երևանում հունիսի 30-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` ծրագրի մեկնարկին մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել նախագահի 2012թ. կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Նրա խոսքով` արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում 2014թ. փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ: 

«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ»,- ասել է վարչապետը:

Ծրագրի մեկնարկին ելույթներ են ունեցել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմարար Դիրկ Լորենցը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոն: