30 հունիս, 2014 12:13

Ցուցահանդես՝ լի արվեստով և սիրով

Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տունը։

Անցած շաբաթ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը բացված տարեվերջյա ցուցահանդեսը կրում էր հաշվետու բնույթ և նպատակ ուներ ի ցույց դնել ստեղծագործական այն ձեռքբերումները, որ սաներն ունեցել են ուսումնական վերջին մեկ տարվա ընթացքում:

2003-ի հունիսից Մայր աթոռի հովանու ներքո գործող կրթական այս հաստատությունը մինչ այդ եղել է քաղաքային Պիոներ պալատ, ապա վերածվել Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի: Շնորհիվ ամերիկահայ բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների առատաձեռն նվիրատվության՝ ոչ միայն շենքն ամբողջապես հիմնանորոգվեց ու արդիական տեսք ստացավ, այլև անկյունադարձ ապահովեց հիմնարկի գործունեության ընդհանուր ուղղվածության մեջ: Այժմ արդեն երեխաների ստեղծագործական ունակությունները զարգացնելուն և գեղագիտական գործունեությանը զուգահեռ պատշաճ տեղ է հատկացվում նրանց հոգևոր դաստիարակությանը: Անկախ նրանից՝ ով ինչ դասարան կամ խմբակ է ընտրել, շաբաթական մեկ ժամ պարտադիր կրոնի դաս է ունկնդրում՝ ծանոթանալով մեր նախնյաց հավատքին և վերջինիս անփոխարինելի դերակատարությանը հայոց հոգևոր կյանքում:

Բարերար Հրաչ Թուֆայանը թոռան հետ։

Ներկայացված ցուցահանդեսը երևան է հանում 7-18 տարեկան էջմիածինցի և Արմավիրի մարզի հարևան գյուղական բնակավայրերի պարման-պարմանուհիների գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք ճաշակ ու հմտություն ցոլացնելուց զատ անխտիր նաև սեր են ճառագում: Դրանք մանկական պարզ հոգիների գույնզգույն արտահայտություններ են՝ արված կտավով ու վրձնով, կտորով և թելուասեղով, կավով ու փայտով: Նույնիսկ դժվար է կոնկրետ աշխատանքներ առանձնացնելը, քանի որ բոլոր աշխատանքներում էլ թե՛ տքնանք կա, թե՛ այն պսակող դիտարժան արդյունք: Տարբեր են մատուցման ձևերը՝ պայմանավորված թեմայով և փոքրիկ հեղինակների ստեղծագործական մտածողության յուրահատկություններով: Այդտեղ մանկավարժներն իրենց սաներին ոչ թե սեփական ոճն են պարտադրում (ինչպես հաճախ է պատահում գեղարվեստական բարձրագույն ուսումնական հաստատություններում), այլ հայտնաբերելով յուրաքանչյուր մանկան մեջ նրան բնորոշ երևակայության սահմանները՝ փորձում են ընդլայնել դրանք՝ հաղորդելով իմաստ ու բովանդակություն:

Հետաքրքիր մտահղացում էր, անշուշտ, գեղանկարչության ուսուցչուհի Արևիկ Մկրտչյանի դասարանի 17 աշակերտների՝ «Տերունական աղոթքը» թռչնագրերով պատկերելու գաղափարը: Զրուցեցի համաքրիստոնեական այդ աղոթքի սկիզբն ու ավարտը ձևավորած ապագա նկարիչների՝ Հայորդաց տան շրջանավարտ Շուշանիկ Ազիզյանի և տարրական դասարանի աշակերտ Սերգեյի հետ: Շուշանիկը, պարզվում է, ուսումնառության չորս տարիներին քաղաքային ու հանրապետական բազմաթիվ մրցույթների է մասնակցել և թեև այս անգամ թռչնագրերով է հանդես եկել՝ ավելի շատ բնանկարել է սիրում: Սերգեյի մայրը՝ Մերի Միրումյանն էլ նշեց, որ ժամանակին ինքը կիսատ է թողել գեղարվեստական կրթությունը, ուստի այժմ իր վաղեմի երազանքն ուզում է իրականացնել որդու ու դստեր՝ Տաթևիկի միջոցով:

Ցուցահանդեսի բացումը։

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում իր մասնագիտական կրթությունն ստացած Վալյա Խաչատրյանն արդեն 9 տարի է, ինչ աշխատում է Էջմիածնի Հայորդաց տանը: Սկզբում գորգագործություն է դասավանդել, սակայն երեխաների սակավության պատճառով վերջին 2 տարիներին ստանձնել է խեցեղենի դասարանի պատասխանատվությունը: Ու այժմ հպարտ է, որ իր 12 աշակերտները մեծ սիրով ու հմտությամբ են տիրապետում թրծած կավի գաղտնիքներին՝ դրանով կերտելով կիրառական արվեստի զանազան նմուշներ:

Մանրանկարչության դասարանի ղեկավար Մարիաննա Բարսեղյանի 15 սաները հիմնականում բարձր տարիքի էին, քանի որ նրանք պիտի հաղթահարեին ոչ միայն մեր միջանադարյան մանրանկարիչների ստեղծագործությունների ընդօրինակման գործը, այլև կարողանային ստեղծել ինքնուրույն, հեղինակային գործեր:

Ասեղնագործության դասատու Սուսաննա Ասլանյանի աշխատանքային կենսափորձը հատել է քառորդ դարը: Այո, 25 տարի նա աշխատում է մանկական այս կրթական հաստատությունում` դաստիարակելով մանուկների բազում սերունդներ:  Երեխաները, հատկապես մեր ապագա օրիորդներն այսօր հաճույքով են խաճախում կիրառական արվեստի այդ ճյուղի պարապմունքներին՝ սկսելով թաշկինակ ասեղնագործելուց մինչև խառը տեխնիկայով բազմաթեմա ու բարդ աշխատանքներ պատրաստելը («Հնձվորներ», «Հացթուխներ», «Գոշավանք», «Խնոցի», «Վերջին ընթրիք» և այլն):

Շուշանիկ Ազիզյանն իր աշխատանքի հետ։

Ընկեր Ժաննային (այսպես են բոլոր երեխաները կոչում Էջմիածնի Հայորդաց տան երկարամյա տնօրինուհի Ժաննա Եղիազարյանին) քաղաքում բոլորն են ճանաչում: Չէ՞ որ անցած մի քանի տասնամյակներին հայոց հոգևոր կենտրոնում գրեթե ընտանիք չի մնացել, որտեղից գոնե մեկ երեխա հաճախած չլինի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տուն կամ նախկին Պիոներ պալատ: Վերջինիս բազմափորձ ուսվասվարը 2003-ին դարձավ նորաստեղծ Հայորդաց տան առաջին և առայժմ միակ տնօրենը: Որևէ գաղտնիք չկա այստեղ. պարզապես անցած տարիների ընթացքում նա անմնացորդ նվիրումով է մոտեցել իր գործին: Արդյունքն էլ ակներև է. կրկնապատկվել է աշխատակազմն ի հետևանս այն բանի, որ երեխաների թիվը 200-ից հասել է 681-ի:

Ընկեր Ժաննան մեկ առ մեկ գիտի բոլորի անունները, ոգևորում է նրանց հաջողությունների համար և սաստում՝ թերանալիս: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 3 անգամ` 4 ժամով: Բացի գեղանկարչությունից և մանրանկարչությունից, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տեսակներից՝ գորգ, կարպետ, գոբելեն, բատիկա և այլն, այդտեղ ուսուցանվում է նաև փայտի փորագրություն ու կտորի գեղարվեստական ձևավորում:

Տպավորիչ է նաև Հայորդաց տան երաժշտական բաժինը: Այն ներառում է ազգագրական, ժողովրդական ու պարահանդեսային պարեր, ունի իր երգչախումբը, թմբկահարների, դհոլի, քանոնահարների, ջութակահարների ու փողային նվագախմբերը: Դրանց բարձրարվեստ կատարմանն ու նորանոր համարներին կարելի էր հետևել շաբաթ օրը՝ հունիսի 28-ին տեղի ունեցած դարձյալ հաշվետու համերգին:

Դրվագ ցուցահանդեսից։ Դրվագ ցուցահանդեսից։

Բնական է, որ նման արդյունքի կարելի է հասնել միմիայն տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ և ուսուցիչների նպատակասլաց գործունեությամբ: Ինչպես Ժաննա Եղիազարյանը նկատեց «Գործակցության մեջ ենք Մայր աթոռի հովանու տակ գործող մնացած Հայորդաց տների հետ: Դա մի մեծ ընտանիք է, որտեղ մենք ունենք մեր ուրույն տեղը, դեմքն ու ոճը»:

Չմոռանանք նշել նաև Հայորդաց այս տանը գործող մարզական խմբերի (ձյուդո, ըմբշամարտ և շախմատ) մասին: Այսպես. ըմբշամարտի սաներից մեկը՝ Հարություն Վարդանյանը, Եվրոպայի առաջնությունում այս տարի գրավել է 1-ին տեղը և շուտով՝ հուլիսի կեսերին Սլովակիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը:

Գծած պատկերը թերևս թերի կլիներ՝ առանց հիշատակելու այդտեղ գործող բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր 200 կարոտյալներ անվճար սնունդ են ստանում: Այս օրինակելի հաստատությունն, անտարակույս, չպիտի կարողանար լիարժեք իրականացնել իր առաքելությունը, եթե չլիներ Թուֆայան ընտանիքի նյութական ու բարոյական սատարը: Հրաչ Թուֆայաննն ամեն տարի կնոջ ու զավակների հետ գալիս է մայր հայրենիք: Մի քանի ամսից` առաջիկա սեպտեմբերին, նա դարձյալ այցելելու է հայրենի տուն` մասնակիցը դառնալու Էջմիածնի Հայորդաց տան 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններին:

Լևոն Լաճիկյան