30 հունիս, 2014 11:58

ՖԻՖԱ-ի ղեկավարները ծեր շան որդիներ են. Ուրուգվայի նախագահ

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել ՖԻՖԱ-ի որոշման հետ, համաձայն որի Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը որակազրկվել է 4 ամսով:

Խոսե Մուխիկան, ով օդանավակայանում անձամբ էր դիմավորել Լուիս Սուարեսին, ավելի վաղ կրկին քննադատել էր ՖԻՖԱ-ին՝ հայտարարելով. «Ֆուտբոլը տոն է, ոչ թե՝ պատերազմ»:

Այս անգամ Մուխիկան ավելի խիստ է արտահայտվել: «Ի՞նչ եմ մտածում այս ամենի մասին: ՖԻՖԱ-ն ղեկավարում են մարդիկ, ովքեր պարզապես ծեր շան որդիներ են»,- Ուրուգվայի նախագահի խոսքն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը  Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում  կծել էր իտալացիների պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչի համար ՖԻՖԱ-ն ուրուգվայցուն որակազրկեց հավաքականի 9 խաղով, տուգանեց 82 հազար եվրոյով և զրկեց առաջիկա 4 ամսում որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: