1 հուլիս, 2014 17:20

Արտաքին քաղաքականության առևտրայնացումը

Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում ընդդիմախոսներին հորդորեց չպաշտպանել Արցախն իրենից։ «Դա ոչ միայն վիրավորական է, այլև անհեթեթ»,- ասաց նա: Իրականում ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը Սարգսյանից պաշտպանելու կարիք կա․ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության տրամաբանության շրջանակներում Արցախի հարցում վտանգն այնքան է խորացել, որ արդեն Բաքվում Արցախի համար վտանգավոր հայտարարությամբ է հանդես   գալիս Սարգսյանի կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամը:

Արտաշես Գեղամյանը Բաքվում հայտարարել է, որ ոչ միայն ողջունում է Հայաստանի Եվրասիական միությանը միանալը, այլև շատ է ուզում, որ այդ միությանը միանա Ադրբեջանը: Գեղամյանը նշել է. «Այսօր ո՞վ է հիշում, թե  ում է պատկանում Էլզասը: Արդեն որևէ նշանակություն չունի՝ Էլզասը ֆրանսիական է, թե գերմանական: Այն Միացյալ Եվրոպայի կենտրոններից է: Եվ այլևս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանն է»:

Էլզասի համեմատությունը Ղարաբաղի հետ փաստում է, որ Գեղամյանը գիտելիքի լուրջ պակաս ունի: Մի կողմ թողնելով Էլզասի պատմական անցյալը՝ անհրաժեշտ է նշել, որ Էլզասը Միացյալ Եվրոպայի կենտրոն է դարձել, որովհետև Եվրամիությունն ունեցել է ժողովրդավարական ինստիտուտներ, և այդ ինստիտուտները թույլ են տվել, որպեսզի թշնամանքը թուլանա կողմերի միջև, և Էլզասը վերածվի Եվրոպայի կենտրոնի:

Նույնը չի կարելի ասել Եվրասիական միության մասին, որն ավտորիտար ռեժիմների ակումբ է, իսկ նման միջավայրում սովորաբար թշնամանքը ավելի է խորանում: Երկրորդ՝ նման հայտարարություններով Արցախը դառնում է առևտրի առարկա Եվրասիական միության շրջանակներում։ Սա ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի լինելիության ամենամեծ  մարտահրավերն է:

Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետևանքով ավելանում են Հայաստանին նետված մարտահրավերները: Այդ մարտահրավերները կարելի է երկար թվարկել.

-       Հայ-թուրքական ձախողված գործընթացի հետևանքով վտանգված է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

-       Հայաստանի եվրոասոցացման բանակցությունները լուրջ խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ավելի վաղ Սարգսյանի նկատմամբ լուրջ անձնական սառնություն (եթե ոչ՝ հակակրանք) ուներ Պուտինը. 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Սարգսյանը Պուտինի ոխերիմ թշնամի Սաակաշվիլիին Երևանում շքանշանի էր արժանացրել:

-       Մաքսային միությանը միանալու որոշումը բացասական է ազդել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վրա:

-       Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառում:

Այս ձախողումները լրացնում են Սարգսյանի օրոք դիվանագիտական պաշտոններում կամայական նշանակումները:

Շառլ Ազնավուրը տաղանդաշատ երգիչ է, բայց դեսպանի  աշխատանքի համար նա ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ հմտություններ։ Չի կարող, չէ՞, Հայաստանի դեսպանը հայտարարել, որ թքած ունի «ցեղասպանություն» բառի վրա, անկախ նրանից, թե ինչ կոնտեքստում է դա ասում:

Հայաստանի համար թերևս ամենակարևոր երկրում՝ Վրաստանում, դեսպան է նշանակվել Յուրի Վարդանյանը: Նա դիվանագիտական աշխարհում ոչ միայն ճանաչված չէ, այլև դիվանագիտական, քաղաքագիտական և պատմագիտական նվազագույն գիտելիք չունի:

Որպես դեսպան ոչ կարիերային դիվանագետների նշանակումները բազմաթիվ այլ երկրներում խոսում է այն մասին, որ դիվանագիտական ծառայությունը դիտարկվում է սեփական շրջապատին մատուցած ծառայությունների համար փոխհատուցում:

Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով ձախողումներ է գրանցել, որոնք նրա ապաշնորհության արդյունքն են։

Նա իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք»: 

Եթե Սարգսյանի պնդումը ճիշտ է, ապա Մաքսային միությանը միանալու սեպտեմբերի 3-ի նրա որոշումը ցույց է տալիս, որ նրան շատ կարճ կյանք է մնացել քաղաքականության մեջ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: