1 հուլիս, 2014 10:58

Արմեն Մարսուբյանի ցուցահանդեսները՝ Թուրքիայում

ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության բաժնի ղեկավար Արմեն Մարսուբյանը Sunday’s Zaman-ի հետ զրույցում պատմում է Թուրքիայի տարբեր շրջաններում բացված իր ցուցահանդեսների մասին:  Մարսուբյանը վստահ է, որ հայերի համար կարևոր է մասնակցել Թուրքիայի քաղաքացիական կյանքին, և դա հենց այն է, ինչ նա փորձում է անել վերջին մի քանի տարիներին: Ինքն իրեն Թուրքիայի զավակ համարող պրոֆեսոր Մարսուբյանը վստահ է, որ հայերն ու թուրքերը կարող են մերձենալ՝ կիսելով ընդհանուր անցյալը: Արմեն Մարսուբյանի հետ հարցազրույցը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև: 

Այս տարի Ստամբուլում, Մերզիֆոնում և Դիարբեքիրում բացված՝ Արմեն Մարսուբյանի ցուցահանդեսներում ներկայացված է լուսանկարների հավաքածու, որը ստեղծել է Մարսուբյանի մեծ ընտանիքը. նրանք ֆոտոխցիկներով փաստավավերագրել են 19-րդ դարում Անատոլիայի սոցիալական կյանքը: Մարսուբյանը մտադիր է հոկտեմբերին ցուցահանդես բացել նաև Անկարայում:

«Մեկ դար առաջ այդ տարածքներում եղել է մշակութային հարուստ անցյալ: Այս լուսանկարներով ցանկանում ենք լույս սփռել 19-րդ դարի մոռացված պատմության վրա: Եթե հայերին չստիպեին լքել այս տարածքները, Անատոլիան կլիներ շատ ավելի հարուստ (մշակութային տեսանկյունից), քան այսօր»,- ասել է Մարսուբյանը Sunday’s Zaman-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսի մանրամասներին, ապա Մարսուբյանը կարծում է, որ «կախված անցկացման վայրից՝ ցուցահանդեսը փոքր-ինչ փոխվում է»:

«Այն, ինչ ցանկանում եմ անել, ցույց տալ Թուրքիայի քաղաքացիներին՝ հայկական կամ ոչ հայկական ծագումով, այն տարածքների հարստությունը, որոնցից հայերն արտաքսվել են 1915թ., և որտեղ տարիներ անց լռեցվել և ճնշվել են»,- ասել է Մարսուբյանը:

Ցուցահանդեսների նպատակը 

Մարսուբյանի կարծիքով՝ ցուցահանդեսների հիմնական նպատակն է պատմել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անատոլիայում ապրող հայերի պատմությունը:

«Նրանք վերապրել են 1915թ. վատագույն ժամանակները ընդհուպ մինչև պատերազմի ավարտը: Կարծում եմ՝ սա այն պատմությունն է, որը հաճախ չի գրվել՝ ինչ էին անում հայերը և ինչի միջով են անցել այդ ժամանակահատվածում: Մեր վերջնական նպատակն է անել այնպես, որ մարդիկ խոսեն անցյալի մասին»,- ասել է Մարսուբյանը:

Հարցին, թե արդյոք այդ նպատակներին հասել է, Մարսուբյանը պատասխանել է, որ այդ հարցին պատասխան կտա ժամանակը:

«Ես կբացեմ գիրքը, և մարդիկ այն կկարդան: Որոշ մարդիկ կկարդան, մյուսները՝ ոչ: Եթե ինչ-որ մեկը ուժեղ հակահայ է կամ ժխտողական, նրանք կարող են երբեք անգամ ներս չմտնել: Սակայն գիտեմ՝ կան շատ մարդիկ, որոնք եկել, տեսել են ցուցահանդեսները և այժմ գնահատում են այն դերը, որը հայերը խաղացել են այս երկրում»,- նշել է Մարսուբյանը:

Ընդգծելով, որ Դիարբեքիրի, Ստամբուլի, Մերզիֆոնի և Անկարայի ցուցահանդեսները կարող են համարվել 1915թ. իրադարձությունների փաստավավերագրություն, Մարսուբյանը նշել է, որ նյութերը, փաստաթղթերն ու լուսանկարները կյանքի մայրամուտին իրեն տվել է հորեղբայրը:

«Իմ հորեղբայրը լուսանկարիչ էր, և նա պապուցս հետո պահել է լուսանկարչական ավանդույթը: Իմ մայրը նույնպես լուսանկարիչ էր, սակայն նա շատ ավելի շուտ է թողել այդ զբաղմունքը: Իմ հորեղբայրը վստահել է ինձ այս ավանդույթը, քանի որ ես մշտապես հետաքրքրված եմ եղել նրա լուսանկարչական գործունեությամբ: Չնայած՝ նա ինձ չի ասել, թե ինչ պետք է անեմ այս նյութերով, ես դա ընկալեցի որպես իմ հանդեպ վստահություն», - հավելել է Մարսուբյանը:

Պրոֆեսորը նաև կարևորել է կրթության կարևորությունը. «Կրթությունը կարևոր է: Կրթությունը չպետք է փակի հարցերը, այլ բացի դրանք: Այս հարցերի շուրջ աշխատելիս ես տեսա, որ ունեմ այստեղ նյութեր, որոնք ներդրում կունենան հիշողություններում: Ես նաև սիրում եմ արվեստը, սիրում եմ կիսել հիշողություններն ու պատմությունը»,- ասել է Մարսուբյանը:

Հարցին, թե ինչ նշանակություն ունեն Հայաստանն ու Թուրքիան իր համար, նա պատասխանել է, որ եթե ստիպված լիներ մեկ բառ օգտագործել, կասեր՝ «տուն»:

«Տան պես եմ զգում: Երբեք այդպես չէի զգա տասը տարի առաջ: Երբ լինում եմ Մերզիֆոնում կամ Սիվասում, ես ունեմ այն զգացողոթյունը, որ խոր կապ կա մեր մեջ, չնայած՝ այն մշակութային առումով տարբեր է Միացյալ Նահանգներից: Ես գիտեմ, որ թերևս կշարունակեմ գալ (Թուրքիա) մինչև իմ մահը կամ մինչև ֆիզիկապես անկարող կլինեմ գալ»,- նշել է պրոֆեսորը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձին՝ Մարսուբյանն ասել է, որ չնայած դա կարևոր քայլ էր, քանի որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր թուրքական կառավարության կողմից առաջին անգամ էր պաշտոնական հայտարարություն արվում, ինքը չի կարծում, որ հայտարարությունը որևէ բան քաղաքականապես կփոխի:

«Հայտարարության մեջ վարչապետն ասել է, որ Թուրքիայի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա խոսել 1915-ի մասին տարբեր տեսանկյուններից: Համատեքստն այն է, որ չի լինի պատիժ կամ ճնշում այն դեպքերում, երբ կարծիքները վիրավորական են կամ սադրիչ:  Էրդողանն ասում է՝ «մենք պետք է հանդուրժենք նրանց»: Ես ենթադրում եմ, որ նա այդ ամենում ներառում է նաև ինքն իրեն: Ես դա որպես դրական քայլ եմ ընկալում, սակայն խոսքերի և գործողությունների միջև տարբերություն կա: Եթե դու անկեղծորեն ասում ես՝ «մենք պետք է հանդուրժենք բազմակարծությունը», հետևաբար երկրի ներսում էլ չպետք է ազատազրկես լրագրողներին: Տեսնենք, թե արդյոք գործողությունները կգա՞ն ամրապնդելու խոսքերը: Ես ողջունում եմ այս պահին խոսքերը,- ասաց Մարսուբյանն ու ամփոփեց, - Էրդողանը շարունակում է շեշտել, որ բոլոր արխիվները բաց են, սակայն, օրինակ, եթե փորձեք մատչում ստանալ Անկարայի ռազմական արխիվներին, դուք այն չեք ստանա»: