Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ մեկնարկել է բողոքի ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ժամը 11:00-ին նախատեսված է ՀԾԿՀ նիստ, որի ընթացքում կայացվելու է էլեկտրաէներգիայի թանկացման վերջնական որոշումը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցների թվում են քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի» պատգամավորներ:
Ակցիայի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը, որի հրահանգով փակվել են հանձնաժողովի շենքի աստիճանները: ՍիվիլՆեթի թղթակցի հարցին, թե արդյոք այս կերպ ոստիկանությունը չի խոչընդոտում հասարակական կարգի պահպանմանը, փոխոստիկանապետն ասել է, որ օրենքը թույլատրում է «քաղաքացիներին պարտադրել մնալ որոշակի հատվածներում, և ոստիկանությունը կհոգա, որ բոլոր ցանկացողները առանց խոչընդոտի անցնեն բանուկ մասով»: Ի դեպ` ոստիկանությունը չի փակել Ֆրիկ փողոցի երթևեկելի հատվածը:
Քաղաքացիները բացականչություններով և սուլոցներով պահանջում են բացել աստիճանները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քառյակի չորս պատգամավոր մասնակցելու է նիստին: Քաղաքացիները պահանջում են հետաձգել նիստը, և հետագա քննարկմանը մասնակից դարձնել հանրության բոլոր հատվածներին: Նրանք բացականչում են «Կասեցում», «Ամոթ»:
Էներգիայի թանկացման դեմ նախորդ ակցիան տեղի էր ունեցել հունիսի 23-ին, որի ընթացքում բերման էին ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Վերջնական սպառողների, այդ թվում՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 10%-ով կամ 3,85 դրամով՝ պայմանավորված արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։ Ավելի ուշ` հունիսի 18-ին, Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարել էր, որ իրենք բավարարված չեն ՀԾԿՀ առաջարկած բարձրացման չափի հետ, քանի որ 3,85 դրամ գումարից 1,5 դրամն է մնալու ընկերությունում, ինչը բավարար չէ ընկերության առջև ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու համար։