Ֆրանսիական բանկը 9 մլրդ դոլար տուգանք կվճարի ԱՄՆ-ին

Ֆրանսիական BNP Paribas բանկը համաձայնել է ԱՄՆ կառավարությանը ռեկորդային՝ $9 մլրդ վճարել ԱՄՆ կողմից Սուդանի, Կուբայի և Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, հաղորդում է Bloomberg-ը:

«2004-2012թթ. BNP ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով կիրառել է միլիարդավոր դոլարների անօրինական փոխանցման բավական բարդ և լայն տարածված սխեմա»,- ասել է Հոլդերը՝ հավելելով, որ բանկը այսպիսով բազմիցս խախտել է ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

Բանկը գումարի մեծ մասը՝ 7,91 մլրդ դոլարը, կվճարի մինչև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի ավարտ:

Բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է վճարել մինչև 8 մլրդ դոլար՝ ԱՄՆ սահմանած տուգանքը համարելով անընդունելի:

Վերջին տարիներին ԱՄՆ կառավարությանը խոշոր տուգանքներ են վճարել նաև այլ բանկեր: Այսպես՝ 2012թ. բրիտանական HSBC-ին վճարել է 1,9 մլրդ դոլար մեքսիկացի նարկոբարոնների փողերի լվացման, ինչպես նաև պատժամիջոցների ենթարկվող պետություններին ֆինանսական ծառայություններ մատուցելու համար:

Շվեյցարական Credit Suisse 2,6 մլրդ է վճարել ԱՄՆ կառավարությունից ԱՄՆ հարկատուների մասին տվյալները թաքցնելու համար:

Մեկնաբանել