Գործադիրը մոռացել է ստվերի մասին

Ստվերի դեմ պայքարի Հովիկ Աբրահամյան մայիսյան հայտարարությունները չեն արտացոլվում կառավարության ծրագրերում։

Հավասար մրցակցային դաշտի, ստվերային տնտեսության կրճատման շուրջ Հովիկ Աբրահամյանի մայիսյան հայտարարությունները չեն արտացոլվում կառավարության ծրագրերում։ Գործադիրն, օրինակ, 2015թ.-ին ծրագրում է հարկային հավաքագրումներն ավելացնել 6,8%-ով, այն էլ բացառապես տնտեսության աճի հաշվին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 14-ի գործարանների հետ հանդիպմանը վերջիններիս հորդորեց մինչև հուլիսի 1-ը կամավոր դուրս գալ ստվերից ու գործունեություն ծավալել հավասար մրցակցային պայմաններում։ Վարչապետն անգամ զգուշացրեց, որ եթե տնտեսվարողները չպահպանեն խաղի կանոնները, կառավարությունը կօգտագործի իր լծակները։

Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունները, սակայն, չեն արտացոլվում կառավարության ծրագրերում։ Այսպես, «Հայաստանի 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» նշված ժամանակահատվածում պետբյուջեի եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 1,228 տրլն, 1,333 տրլն և 1,48 տրլն դրամի սահմաններում։ Հարկային եկամուտների գծով 2015-2017 թթ. բյուջետային մուտքերը ծրագրվել են հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի՝ 0,3 տոկոսային կետ տարեկան աճի սկզբունքի հիման վրա: 2015թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կլինի նույն մակարդակում, ինչ 2014-ին՝ 23,24%, 2017-ին այն ծրագրվում է հասցնել 23,84%-ի։ Համեմատության համար՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը ծրագրում էր տարեկան 0,4 տոկսային կետի սահմանում։

Կառավարությունում ակնկալում են, որ 2015-ին հարկային եկամուտների ծավալն այս տարվա համեմատ կավելանա 75 մլրդ դրամով, թեև ՀՆԱ-ի 425,1 մլրդ դրամ աճի պայմաններում հարկերի ծավալը պետք է ավելանար 98 մլրդ դրամով (ելնելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23,24% ցուցանիշից)։ Ստացվում է, որ ֆինանսների նախարարությունը հարկային բազայի հաշվին ստացվելիք մուտքերի ծավալը թերակատարելու է 23 մլրդ դրամով։ Պարզ ասած՝ 2015-ին հարկային եկամուտների աճն ամբողջովին պայմանավորված է լինելու տնտեսական աճով, և ոչ թե հարկային վարչարարության բարելավմամբ ու ստվերային տնտեսության կրճատմամբ։

Միջնաժամկետ ծախսային ծրագիրն ըստ էության հիմնավորում է մտահոգությունները Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և ֆինանսների նախարարության միավորման նպատակահարմարության շուրջ։ Բանն այն է, որ ֆինասների նախարարությունը մշակում է հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ ՊԵԿ-ն իրականացնում հարկերի հավաքագրումը։ Հաշվի առնելով, որ ֆինանսների այժմյան նախարարը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, հարկային մուտքերի ծրագրումը, ըստ էության, իրականացվում է «ըստ կարողությունների»։

Այն, որ մոտակա տարիներին ստվերի դեմ լուրջ պայքար չի լինելու, երևում է նաև 2016թ. ծրագրային ցուցանիշներից։ Հարկային եկամուտները 2016-ին ավելանալու են 127 մլրդ դրամով՝ ծավալային արտահայտությամբ ՀՆԱ-ի 480 մլրդ աճի պայմաններում։ Փաստացի, հարկային եկամուտների 112 մլրդ դրամ աճը տեղի է ունենալու բազայի ավելացման հաշվին և ընդամենը 15 մլրդ-ը՝ վարչարարության։ Համեմատության համար, Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2015-ին նախատեսում էր հարկային եկամուտների աճ 133 մլրդ դրամով, որից 20 մլրդ-ը պետք է ապահովեր հարկային վարչարարության բարելավումը։

Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է նաև պետբյուջեի դեֆիցիտի աստիճանական կրճատում։ Այսպես, պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2014-ին ծրագրված 2,34%-ի դիմաց 2015-2017 թթ. աստիճանաբար կնվազի մինչև 1,8%։ Ծավալային արտահայտությամբ 2015-ին պետբյուջեի դեֆիցիտը 2014-ի համեմատ կկրճատվի 7,3 մլրդ-ով, 2016-ին մոտ 3 մլրդ-ով։

Հայաստանի 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր. ցուցանիշներ

Ցուցանիշներ

2014

2015

2016

2017

ՀՆԱ (մլրդ դրամով)

4,621.5

5,046.6

5,526.7

6,075.4

Պետական բյուջեի եկամուտներ

1,143,738

1,228.13

1,333.76

1,479.03

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

24,02

24,34

24,13

24,34

Հարկային եկամուտներ

1,097.8

1,172.83

1,300.99

1,448.38

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)

23,24

23,24

23,54

23,84

Դեֆիցիտ (մլն դրամ)

110,534

103,152

100,37

110,3

Մեկնաբանել