Հուլիսի 5-ի օրը

Սահմանադրությունը ստեղծագործություն է: Ինչպես Չարենցը գրել է «Մահվան տեսիլը», այդպես էլ մեր հավաքական միտքը ծնել է Սահմանադրություն: Նախօրեին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասում էր, որ մեր Սահմանադրությունն իշխանակենտրոն է, պետք է դարձնել մարդակենտրոն: Այսինքն, Սահմանադրությունից հավասարապես պետք է շահեն ինքն ու ես: Կամ՝ Ալեքսանդր Սարգսյանն ու Փայլակ Հայրապետյանը:

Գագիկ Հարությունյանն ակնարկել է, որ այսօրվա Սահմանադրությունը ինքնասպանության ձեռնարկ է: Որովհետև, եթե իշխանակենտրոն է, մյուսները կարող են չմտածել ապրելու մասին: Եվ դա ասում էր ֆուրշետի շքեղ սեղանի շուրջ: Մեզ էլ՝ լրագրողներիս, ասում է՝ համեցեք, սա նաև ձեզ համար է: Մենք գիտենք՝ Գագիկ Հարությունյանը գրքեր շատ է կարդացել: Ինքնասպանության մասին ձեռնարկներ՝ նույնպես: Ոստիկանության ամփոփագրերը գոնե աչքի տակով անցկացրած կլինի: Հետևաբար, ի՞նչ կապ ունի՝ Սահմանադրությունն իշխանակենտրո՞ն է, թե՞ մարդակենտրոն չէ: Մի անգամ նա ասել է, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է: Ինչպես՝ մարդը, որը ծնել է այն, ինչպես՝ «Մահվան տեսիլը», որն ապրելու մասին է:

Սահմանադրությունը ստեղծագործությունից տարբերվում է կամքի գործոնով, ձեր կամքը մի է, ձեր նույնականությունը փաստ չէ, բայց փոխլրացնող է: Գիրքը փակելով չի ավարտվում, Սահմանադրությունը չի վերջանում չիմանալով: Գագիկ Հարությունյանը գիտի, և այն իշխանակենտրոն է, գյուղացին չգիտի և ապրելու ոչ մի երաշխիք չունի: Գյուղացու համար Սահմանադրությունը, ինչպես կյանքի ցանկացած դրվագ, երկնուղեշ փայտ է, որից կախում են պարանը: Որովհետև դատարանն անկախ չէ, նախագահն ընտրված չէ, լեգիտիմ ոչ մի ինստիտուտ չի աշխատում և հետևաբար էլեկտրաէներգիան թանկանում է ի հեճուկս Սահմանադրության, իսկ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը հեռուստատոն է գրեթե բոլոր TV-ներով: Ինչու՞: Որովհետև Սահմանադրությունը ոչ մի կապ չունի, եթե մարդու իդեա ֆիքսը նախագահ դառնալն է, եթե Կիևյան կամրջի տեղը միայն պաշտոն չունեցողը գիտի: Ահա ինչու, ոչ թե Սահմանադրությունը իշխանակենտրոն է և մարդակենտրոն չէ, այլ պարզապես չկա: Որովհետև, եթե լիներ, կյանքն ավելի տանելի կլիներ առանց Սահմանադրությունն իմանալու, որովհետև, քանի դեռ Գագիկ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը պաշտոնավարում են, Սահմանադրությունը նույնպիսի քաղբանտարկյալ է, որքան Շանթ Հարությունյանը: Որովհետև մարդիկ Սահմանադրությունը շարադրել են թղթի վրա հենց Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի գոյության կանխավարկածը նկատի ունենալով, որպեսզի կյանքն ինքը չդառնա ինքնասպանության ձեռնարկ, ոչ իշխանությունների համար, ոչ էլ սովորական գյուղացու, որի երեխան շուտով Գիքորի հետքերով է գնալու:

Հենց նույն պատճառով էր, ախր, Թումանյանը գրել այդ գործը: Որովհետև գիրքը միայն ողբերգության էջեր բացելով չէ, նաև փակելով է: Երբ մարդիկ Սահմանադրություն գրեցին, հասկացրեցին հենց դա՝ վերջ անօրինականությանը: Իսկ դուք այնպես եք կեղծում ընտրությունները, ասես այս կյանքում ոչ մի գիրք չի գրվել:

Գիրք կարդալիս դուք միմյանց տրված հավատարմության երդումն եք՝ լինել ՀՀ օրինապաշտ քաղաքացի: Որովհետև միշտ ավելի դժվար է դիմացինի կոկորդը կրծել գիրք կարդալուց հետո, քան մինչև կարդալը: Գիրքը, ասենք, «Նահապետի աշունը», քեզ ձևավորում է այնքան, մինչև դրանից Սահմանադրություն ծնվի: Այսինքն, մի բան, որից «Նահապետի աշունը» չկարդացածը նույնպես շահի, ինչպես որ դու ես շահել կարդալով: Ալեքսանդր Սարգսյանը դա չի կարդացել: «Մահվան տեսիլն» էլ չի կարդացել: Փոխարենը նրա եղբայրը՝ Սերժ Սարգսյանը, հաստատ կարդացել է: Մարդը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն է «կարդացել» (Ղարաբաղի բարբառով): Քննություն է հանձնել: Արդյունքները չգիտեմ, բայց դրանից հետո, համենայնդեպս, դարձել է ՀՀ նախագահ: Սահմանադրությունը, ընկերներ, գիրք չկարդացածների գոյության ձեռնարկն է, այն հավասարապես վերաբերում է բոլորին, ովքեր շնչում են՝ մարդկանց և անասուններին՝ ծառերից ու շնչավորներից մինչև ՀՀ նախագահը: Այսինքն, ՀՀ քաղաքացին:

Ի՞նչ է ՀՀ նախագահը. պաշտոն է, որը բացառում է մարդու քայլը դեպի իր ավտոտնակում կախված պարանը: Այսինքն, չհուսահատվող մարդը: Իսկ ի՞նչ է ՀՀ քաղաքացին: Հիմա փորձեք հավասարապես ՀՀ քաղաքացի համարել Ալեքսանդր (կամ՝ Տիգրան) Սարգսյանին և Փայլակ Հայրապետյանին: ՀՀ քաղաքացին նա է, ում պիտի որ նկատի ունենար Սերժ Սարգսյանը Սամանադրության օրը շնորհավորելով: Դե հիմա նկատի ունեցեք այդ մարդու ընտանիքին, Գագիկ Հարությունյանն էլ՝ վրադիր: Որովհետև նա իրականում հիշեցնում է, որ այսօր չապրողների օրն է:

Մեկնաբանել