ԱԺ նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանում է

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց են կատարել 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում, հաղորդում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել ԱԺ նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասել է. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետև զգում ենք ձեր հոգևոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետև վստահ ենք, որ անկախ գտնվելու վայրից ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է Հայաստանով, նրա հաջողություններով եւ խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլև պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ ևս փաստելով երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,- նշել է ԱԺ նախագահը:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշել են, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները:

Մեկնաբանել