8 հուլիս, 2014 16:03

Սաակաշվիլին՝ Շևարդնաձեի մասին

Լուսանկարում՝ (ձախից աջ) Միխեիլ Սաակաշվիլի, Զուրաբ Ժվանիա, Նինո Բուրջանաձե, Էդուարդ Շևարդնաձե:

Էդուարդ Շևարդնաձեն խորհրդային կայսրության և հետխորհրդային Վրաստանի կարևոր գործիչներից էր: Այսպիսի գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշավիլին Facebook-ի իր էջում՝ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: 86-ամյա Շևարդնաձեն մահացել է հուլիսի 7-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
«Ցանկանում եմ ցավակցել Շևարդանձեի ընտանիքին և մերձավորներին: Շևարդնաձեի իրական գնահատականի համար պատմությանն ու պատմաբաններից շատ ժամանակ կպահանջվի: 2003թ., երբ մենք եկանք իշխանության, չնայած հասարակության և քաղաքական գործիչների մի մասի վճռական պահանջներին, մենք կտրականապես հրաժարվեցինք քրեական հետապնդումից, քանի որ հարգում էինք նախագահի ինստիտուտը և երկրի հեղինակությունը: Իմ կարգադրությամբ  նրա տնօրինման տակ մնաց պետական առանձնատունը, և պահպանվեցին նախագահական այլ արտոնություններ: Կարծում եմ՝ դա ճիշտ էր: Ես հիմա էլ եմ այդպես կարծում, չնայած որ Շևարդանձեն իր կողմից աջակցություն ստացող նոր իշխանություններին զանգվածային լրատվամիջոցների միջոցով անընդհատ կոչ է անում ձերբակալել ինձ և իմ կողմնակիցներին: Այսօր Սաակաշվիլիի նախագահական գրադարանում առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անկյունի կողքին կա նաև Շևարդնաձեի անկյունը»,- գրել է Սաակաշվիլին:

Շևարդնաձեն, որ Վրաստանի նախագահն էր 1995-ից, պաշտոնից հեռացել է 2003թ. նոյեմբերին՝ Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից հետո: Նրան նախագահի պաշտոնում փոխարինել էր Սաակաշվիլին: