8 հուլիս, 2014 16:56

Պոլսի Հայոց պատրիարքարանը խարդախության համար դատական հայց է ներկայացրել

Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը՝ «Պոլսի Հայոց պատրիարքարանը խարդախության համար դատական հայց է ներկայացրել» վերնագրով: Ջենգիզն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խարդախության զոհ է դարձել և որպես վարչապետարանի տեսուչ ներկայացած մի անձի փոխանցել 6 հազ. թուրքական լիրա: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:  

Հուլիսի 1-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում սկսվել է Թուրքիայի դատական պատմության թերևս ամենաուշագրավ և տարօրինակ գործերից մեկի դատասլումը, որը կապված է խարդախության հետ:

Գործով հայցվորը արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն է՝ հայոց գործող պատրիարքը: Ավելի վաղ Al-Monitor-ի իմ հոդվածներից մեկում ես բացատրել եմ՝ ինչպես է Աթեշյանը զբաղեցրել այդ պաշտոնն այն բանից հետո, երբ պատրիարք Մեսրոպ 2-րդը լուրջ հիվանդացել է:

Դատալսման ժամանակ Աթեշյանը պատմել է, թե ինչպես անցյալ տարի Ռամադան սուրբ ամսվա ժամանակ նա հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և վերջինիս հետ քննարկել Սանասարյան Հանի վերադարձի հարցը՝ կոմերցիոն մի շինություն Ստամբուլում, որը սկզբնապես պատկանել է Հայոց պատրիարքարանին, սակայն այժմ գտնվում է Թուրքիայի հիմնադրամների (վաքըֆների) գլխավոր վարչության (VGM) տնօրինության տակ:

Մի քանի օր անց Պատրիարքարան է եկել մի մարդ, որը ներկայացել է որպես պետական գույքի համար պատասխանատու տեսուչ: Նա խնդրել է Աթեշյանին ստորագրել վարչապետի բլանկով փաստաթղթեր՝ ասելով, որ Սանասարյան Հանը կվերադարձվի Պատրիարքարանին: Տղամարդն այնուհետև «նվեր» է պահանջել, ստացել է 6 հազ. թուրքական լիրա (մոտ 2,800 դոլար) ու հօդս ցնդել: Շուտով Աթեշյանը հասկացել է, որ իրենց խաբել են:

Սանասարյան հանը ընդամենը մեկն է հայկական այն ունեցվածքից, որը 1970-ականներին առգրավվել է VGM-ի կողմից: Հաշվի առնելով շինության չափերն ու կենտրոնական դիրքը Ստամբուլում՝ այն թերևս ամենաարժեքավոր կառույցներից է:

Շինության պատկանելության հարցի շուրջ իրավական պայքարի առաջին փուլը մոտեցավ ավարտին հուլիսի 3-ին՝ Պատրիարքարանի պարտությամբ: Դժվար է կանխատեսել, թե ինչպես է ավարտվելու բողոքարկման գործընթացը:

Ահա թե ինչպես է Աթեշյանն աներևակայելի այս միջադեպի մասին պատմել «Ակօս» հայ-թուրքական շաբաթաթերթին. «Այդ մարդը եկավ վարչապետարանի բլանկը կրող փաստաթղթերով: Նա ասաց, որ Սանասարյան Հանը մեզ կվերադարձվի վարչապետի կարգադրությամբ՝ հավելելով, որ հարցը այդ պահին գաղտնի էր պահվում: Քանի որ այդ հարցը վարչապետի հետ քննարկել էի ընդամենը մի քանի օր առաջ, ես նրան հավատացի: Մենք չափազանց ուրախ էինք: Այնուհետև նա խնդրեց 6 հազ. թուրքական լիրա, և Պատրիարքարանի հաշվապահը նրան տվեց այդ գումարը: Ավելի ուշ, երբ իրավաբանները ուսումնասիրեցին փաստաթուղթը, նրանք եկան եզրակացության, որ դրանում սահմանված իրավական դրույթը չէր համապատասխանում ունեցվածքի վերադարձի վերաբերյալ պահանջին: Ապա մենք կապ հաստատեցինք վարչապետի գրասենյակի հետ: Վարչապետարանի տեսուչները հետաքննեցին հարցը: Անվտանգության տեսախցիկների տեսագրություններն ու հեռախոսազրույցները վերացվել էին՝ չհասկացանք ինչպես: Պատրիարքարանի տեսախցիկի այդ օրվա միջադեպի տեսագրությունը չկա: Կարողացանք գտնել հեռախոսահամարը, որից այդ մարդը մեզ զանգահարել էր, և հենց այդպես էլ նա բռնվել է: Նա խաբել է ոչ միայն մեզ, այլև վարչապետարանին»:

Շեշտելով, որ ընդամենը մի քանի մարդ է տեղյակ եղել իր և վարչապետի քննարկումից՝ Աթեշյանն այնուհետև ասել է «Ակօս»-ին. «Մենք քննարկել էինք Սանասարյան Հանի հարցը համայնքների կազմակերպած կարճատև ճաշկերույթի ժամանակ: Մենք խոսել ենք մեր խնդիրների մասին: Այդ պահին շինությունը վարձակալության գործընթացում էր: Էրդողանն ասաց, որ իրենք կվերանայեն համապատասխան օրենսդրությունն ու կգործեն ըստ դրա: Նա նաև ասաց, որ կարող են դադարեցնել վարձակալության գործընթացը մինչև օրենսդրության վերանայման ավարտը: Այսպիսով՝ երբ տեղի ունեցավ միջադեպը, մենք մտածեցինք, որ մեր պահանջները բավարարվել են և հավատացինք այդ անձին: Սակայն շուտով ճշմարտությունը ջրի երես ելավ»:

Աթեշյանի փաստաբանը պնդում է, որ հարցն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է՝ ընդգծելով, որ Պատրիարքարանի անվտանգության տեսախցիկի տեսագրությունն այդ օրը ջնջվել է և խնդրել է դատարանին ընդլայնել հետաքննության շրջանակները: Դատալսման ժամանակ պարզ դարձավ, որ կասկածյալ Քեմալ Տ. Ն.-ն քրեական մեծ պատմություն ուներ, այդ թվում՝ ինը այլ իրավախախտումներ:

Խարդախության հետ կապված այս գործը արտասովոր է դառնում ոչ միայն այն պատճառով, որ զոհը Պատրիարքարանն է: Որոշ «տեխնիկական մանրամասներ», ինչպես օրինակ՝ տեսախցիկի տեսագրության ոչնչացումն ու այն, որ խաբեբան տեղյակ էր բացառապես Աթեշյանի և Էրդողանի միջև կայացած քննարկումից, կասկած է հարուցում, որ գործում ներգրավված են նաև այլ անձինք: Մտքին գալիս է երկու տարբերակ՝ խաբեբային օգնել է կա՛մ Պատրիարքարանից ինչ-որ մեկը, կա՛մ թուրքական հետախուզական ծառայությունները: Բնականաբար, առանց հստակ ապացույցների նման ենթադրությունները պարզապես շահարկումներ են: Հուսանք՝ դատավարությունը լույս կսփռի միջադեպի նաև «կասկածելի» ասպեկտների վրա:

Այդուհանդերձ՝ գործին նայելով մեկ այլ տեսանկյունից՝ կարելի է նաև դիտարկումներ անել Թուրքիայի փոքրամասնությունների այսօրվա պայմանների և հոգեբանության վերաբերյալ:

Պատրիարքարանին խարդախության զոհ դարձնելու հետևում կանգնած է ունեցվածքից զրկելու թուրքական պետության անողորմ քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ վարվում է փոքրամասնությունների հանդեպ:

1974թ. Վերաքննիչ դատարանը ընդունեց հակասական մի դատավճիռ, որով փոքրամասնությունների հիմնադրամների ունեցվածքի ձեռքբերումը դառնում է խնդրահարույց:

Արդյունքում՝ VGM-ն իր տիրապետության տակ վերցրեց հունական, հրեական և հայկական համայնքներին պատկանող հսկայական ունեցվածքը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջ դրեց այդ երկարամյա քաղաքականությանն ու սկսեց վերադարձնել այդ գույքը դրա ոչ մուսուլման իսկական տերերին: Վերադարձի գործընթացը, այդուհանդերձ, այնքան էլ հարթ չէր: Ոչ մուսուլմաններին պատկանող բավական մեծ քանակությամբ գույք, ինչպես օրինակ Սանասարյան Հանը, շարունակում է մնալ պետական հիմնարկների տիրապետության տակ: Դատական գործընթացի առաջին փուլում շինությունը վերադարձնելու Պատրիարքարանի ձախողումը վկայում է, որ ունեցվածքի հետ պահանջը դժվար պայքար է լինելու:

Վարչապետի հետ հարցը քննարկելու Աթեշյանի մղումը, այդ հանդիպումից անմիջապես հետո նրան այցելած անձի կողմից այդքան հեշտ խաբվելը և այդ մարդուն «նվերի» անվան տակ կաշառք վճարելու նրա ցանկությունը՝ բոլորը վկայում են, թե որքան խոցելի են իրենց զգում Թուրքիայի փոքրամասնությունները:

Հուսանք՝ դատավարությունը լույս կսփռի այդ պլանի իրականացման և տեխնիկական մանրամասների վրա: Կասկածյալն, ըստ ամենայնի, շատ լավ տեղյակ է եղել՝ որքան խոցելի են իրենց զգում փոքրամասնությունները Թուրքիայում, և որքան հուսալքված են նրանք բռնագրավված իրենց ունեցվածքը վերադարձնելու հարցում: Դավադիր պլանը կառուցվել է պատմական և սոցիալական այն ողբերգական հիմքի վրա, որը մինչև այսօր հետապնդում է Թուրքիայի փոքրամասնություններին: