Էլեկտրաէներգիայի հինն է էժան

1969թ. շահագործման հանձնված Հրազդան ջէկ-ի էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան 2012թ. շահագործման հանձնված շոգեգազային ցիկլով աշխատող «Հրազդան-5» էներգաբլոկինը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2013թ. հուլիսի 7-ին վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը մինչև 38 դրամ/կՎտժ (աճը 8 դրամ կամ 27%) բարձրացնելու որոշման հիմքում նաև այն էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը (պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին) ՀրազՋԷԿ-ից անցյալ տարի գնել է 643 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (1 կՎտ/ժ-ի սակագինը՝ առանց ԱԱՀ-ի, 59,4 դրամ), երբ պետք է ձեռք բերեր ընդամենը 138,3 մլն կՎտ/ժ։

Սիվիլնեթի հարցմանը, թե ինչու է «Էներգետիկական համակարգի օպերատոր» պետական ընկերությանն որոշել, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան պետք է գնի ՀրազՋԷԿ-ից, որի 1 կՎտ/ժ-ի միադրույք սակագինը 59,473 դրամ է (առանց ԱԱՀ-ի), իսկ «Հրազդան 5»-ինը՝ 33,4 դրամ (առանց ԱԱՀ-ի), էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկանքում նշվում է, որ Մեծամորի ատոմակայանի 2013թ. չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ է արտադրվել, ինչի հետևանքով ՀԷՑ-ը ստիպված է եղել էլեկտրաէներգիա գնել Հրազդանի ջէկ-ից և Հրազդանի ջէկի-ի 5-րդ էներգաբլոկից:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն, ՀրազՋԷԿ-ին 07.07.2013թ.-ից մինչև 01.08.2014թ. հաստատվել է երկդրույք համակարգում 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի առաքման համար 30,983 դրամ (առանց ԱԱՀ-ի) և 850,01 դրամ (առանց ԱԱՀ-ի) սակագին՝ 1 կՎտ պայմանագրային հզորության համար, իսկ միադրույք 1 կՎտ/ժ-ի համար սակագինը կազմում է 59,473 դրամ (առանց ԱԱՀ-ի): ՀրազՋԷԿ-ի պայմանագրային հզորությունները ՀԷՑ-ը տարվա ընթացքում պատվիրում և գնում է, որն ամրագրված է երկկողմ կնքված պայմանագրով: Ամբողջ սակագների գործելու ժամանակահատվածում ՀրազՋԷԿ-ը, աշխատի կամ գտնվի ռեզերվում, ՀԷՑ-ից ստանում է հզորության հաստատագրված վճարը»,-նշած է նախարարության պարզաբանման մեջ:

Ըստ նախարարության տեղեկանքի՝ «Հրազդան-5»-ի պարագայում չկա հզորության վճար, այլ սահմանված է միայն սակագին՝ 1 կՎտ/ժամի համար 33,4 դրամ (առանց ԱԱՀ-ի):

«Ելնելով վերը նշվածից՝ երևում է, որ ՀրազՋԷԿ-ի և «Հրազդան 5»-ի սակագների տարբերությունը կազմում է 2,417 դրամ՝ ՀրազՋԷԿ-ինն ավել էժան է: Հետևաբար, տնտեսապես ավելի նպատակահարմար է ՀԷՑ-ին վաճառել ՀրազՋԷԿ-ի էլեկտրաէներգիան, քան «Հրազդան-5»-ինը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ։

Հայաստանի էներգետիկ ոլորտի սակագնային քաղաքականության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ 1969թ. շահագործման հանձնված Հրազդան ջէկ-ի էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան 2012թ. շահագործման հանձնված շոգեգազային ցիկլով աշխատող «Հրազդան-5» էներգաբլոկինը։

Խնդիրն այն է, որ ՀրազՋԷԿ-ի համար սահմանելով երկդրույք սակագին, ՀԾԿՀ-ն նաև հաշվի է առնում «Գույք-պարտքի դիմաց» հայ-ռուսական պայմանագիրը, ըստ որի, 2004թ.-ին ՀրազՋԷԿ-ը ռուսական կողմին անցավ 31 մլն դոլարով։ Պայմանագրում, հայկական կողմը պարտավորվածություն է ստանձնել ներդրումների վերադարձելիությունն ապահովել 15 տարվա ընթացքում՝ հզորության վճարում ներառելով շահույթը, իսկ գազի ծախսը՝ 1 կՎտ/ժ-ի սակագնում։ Ներդրումների վերադարձելիության պարտավորությունն է պատճառներից մեկը, որ առ այսօր շահագործվում է տեխնոլոգիապես հնացած ջերմակայանը։

Օրինակ, մեկ այլ տեխնոլոգիապես հին Երևանի ջէկ-ում 2010թ. համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան շահագործելուց հետո դադարեցվեց հին էներգաբլոկների շահագործումը։

Մեկնաբանել