Լրագրող Հրայր Մանուկյանը դիմել է դատախազություն

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ և Araratnews.am կայքի լրագրող Հրայր Մանուկյանն իր նկատմամբ հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, հաղորդում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Araratnews.am կայքում հուլիսի 3-ին հրապարակվել է ձայնագրություն, ըստ որի` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Վլադ Հակոբյան անունով աշխատակից ներկայացած անձը Մանուկյանին առաջարկում է համագործակցել ԱԱԾ-ի հետ:

Մանուկյանի հաղորդման մեջ նշված է, որ որպես պատասխան իր մերժմանը՝ Վլադ Հակոբյանը սպառնացել է իրեն: «Վլադ Հակոբյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է, որն էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից: Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014թ. հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը»,- նշված է Մանուկյանի հաղորդման մեջ:

Մանուկյանը դատախազությանը խնդրում է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին իր հաղորդմանը:

Մեկնաբանել