Թբիլիսին հուլիսի 12-ին քաղաքապետ կընտրի

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում բոլոր տեղերում կհաղթեն իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է civil.ge-ն:

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում:

«Վստահ եմ, որ ամենուր կհաղթեն մեր թեկնածուները: Կարծում եմ՝ Թբիլիսիում խնդիրներ չեն լինի»,- ասել է Ղարիբաշվիլին: Նա նաև վերհիշել է «քաղաքական համակեցության» ժամանակը, երբ Թբիլիսիի քաղաքապետը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան էր: Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ ժամանակ իրականացվել է սաբոտաժի քաղաքականություն:

«Եթե դուք ցանկանում եք կրկին դառնալ սաբոտաժի քաղաքականության զոհ, այդ դեպքում քվեարկեք Նիկա Մելիայի օգտին: Իսկ եթե ցանկանում եք քվեարկել զարգացման օգտին, քվեարկեք Նարմանիայի օգտին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 15-ին, և հաղթել էր իշխող «Վրացական երազանք» դաշինքը:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխող դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Նարմանիային չէր հաջողվել ստանալ քվեների 50%-ից ավելին: Նա ստացել էր ձայների 46,12%-ը: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան երկրորդ տեղում է՝ 27,89% ձայնով:

Մեկնաբանել