Թբիլիսիի քաղաքապետ կդառնա Դավիթ Նարմանիան

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել տեղական ինքնակառավարման ընտրությունների հուլիսի 12-ին անցկացված երկրորդ փուլի նախնական տվյալները: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը, կեսգիշերին ԿԸՀ-ն ներկայացրել է 8 շրջանների առաջին արդյունքները: Բոլոր տեղամասերում առաջատարը իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուներն են:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Նարմանիան 727 տեղամասերից 140-ի քվեների հաշվարկի արդյունքում հավաքել է ձայների 72,47%-ը:

Հատկանշական է, որ ԿԸՀ-ի առաջին տվյալների հրապարակումից հետո ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան ընդունել է իր պարտությունը:

«Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ես չկարողացա հաղթել այս ընտրություններում: Բայց ես հաղթանակի կապակցությամբ չեմ շնորհավորի թեկնածուին, որի հաղթանակի համար անհրաժեշտ եղավ ձերբակալել նախկին քաղաքապետին»,- ասել է Մելիան՝ նկատի ունենալով Գիգի Ուգուլավայի ձերբակալությունը:

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 15-ին, և կրկին հաղթել էր իշխող «Վրացական երազանք» դաշինքը:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Դավիթ Նարմանիային չէր հաջողվել ստանալ քվեների 50%-ից ավելին: Նա ստացել էր ձայների 46,12%-ը: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան երկրորդ տեղում էր՝ 27,89% ձայնով:

Մեկնաբանել