14 հուլիս, 2014 13:13

Ընտրական ինստիտուտի ձևավորման նախապայմանը

Քաղաքական ուժերի միջև պայքարը ենթադրում է, որ քաղաքական դաշտում որևէ ուժ չի կարող և չպետք է ունենա մենաշնորհ:

Ժողովրդավարական է համարվում այն երկիրը, որի իշխանությունն ընտրվում է քաղաքացիների կողմից: Սա ժողովրդավարության նվազագույն պահանջն է, ընդ որում ընտրությունները պետք է լինեն ազատ, թափանցիկ և պարբերական, որպեսզի վերը նշված նվազագույն պահանջը համարվի ապահոված:

Ժողովրդավարությունն առաջին հերթին կառավարման համակարգ է, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ, հետևաբար  ժողովրդավարության ձևավորման համար առաջին հերթին անհրաժեշտ են ժողովրդավարական ինստիտուտներ, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ:

Հայաստանի հանրային դիսկուրսում հաճախ է հնչում այն միտքը, որ ժողովրդավարական մշակույթ չկա, այդ իսկ պատճառով էլ ժողովրդավարությունը չի գործում: Իրականում ժողովրդավարությունը գործելու համար անհրաժեշտ են, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները աշխատեն: Օրինակի համար, եթե հանրությունը ունենա ժողովրդավարական արժեհամակարգ, իսկ իշխանությունը 300 հազար կեղծ անձնագիր, ապա իշխանությունը կօգտագործի այդ անձնագրերը ընտրությունները կեղծելու համար: Արժեհամակարգով հնարավոր չէր լինի կանգնեցնել նման կեղծիքի գործընթացը:

Վերը նշված նախապայմաններով ընտրական ինստիտուտներ ստեղծելու համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել: Օրինակ՝ Անգլիայում քաղաքական պայքարի արդյունքում է ձևավորվել ընտրությունների ներկայիս ինստիտուտը: Դարոն Աճեմօղլուն իր «Բռնապետության ու ժողովրդավարության տնտեսական ծագումը» (Economic Origins of Dictatorship and Democracy) գրքում նկարագրում է, թե ինչպես տեղի ունեցավ Անգլիայի ժողովրդավարացումը. ժողովրդավարության ձևավորման հիմնական պատճառը դարձավ հարստությունն իր ձեռքում կուտակած մարդկանց աջակցությունը խորհրդարանին, իսկ պատճառն Անգլիայի թագավորի ինքնակամ որոշումներն էին, որոնք սպառնում էին ունևորների հարստությանը: Հետագայում զարգանալով՝ խորհրդարանը սահմանափակեց թագավորի  իշխանությունը, միապետության համար դարձավ մրցակցային ինստիտուտ, ինչպես նաև երաշխավորեց մարդկանց հարստության երկարաժամկետ պաշտպանությունը։ Քաղաքական նման պայքարը հանգեցրեց Անգլիայի ժողովրդավարացմանը:

Թագավորի ու կապիտալն իր ձեռքում կուտակած խավի միջև պայքարը կարևոր գործոն էր նաև ընտրական ինստիտուտի ձևավորման գործընթացում: Առանց քաղաքական պայքարի՝ ժողովրդավարացման գործընթացը դառնում է գրեթե անհնար։

Հայաստանում այսօր ոչ իշխանական ուժերի մրցակցությունը իշխող ՀՀԿ-ի հետ կարող է հանգեցնել նրան, որ ժողովրդավարական ինստիտուտները սկսեն աշխատել: Օրինակ, 12 կետերի պահանջների իրականացումը նման սցենար է ենթադրում: Միևնույն ժամանակ ոչ իշխանական ուժերի պայքարը կարող է հնարավորություն ստեղծել վերահսկողություն հաստատելու ընտրական գործընթացի վրա, որն էլ ընտրական ինստիտուտի կայացման խթան կհանդիսանա:

Ժողովրդավարացման գործընթացում միշտ առկա են հաղթողներ և պարտվողներ: Պարտվողները (պարտվողի դերում սովորաբար լինում են իշխանություն ունեցողները) ստանում են ինստիտուցիոնալ երաշխիքներ, քաղաքական դաշտում մնալու և պայքարելու, որի պատճառով էլ ծայրահեղ քայլերի չեն դիմում: Նյու Յորքի համալսարան քաղաքագիտության պրոֆեսոր Ադամ Պրզեվորսկու կարծիքով՝ ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ուժերին տալիս են երկարաժամկետ հորիզոն: Այդ ինստիտուտները պարտվող կողմի համար երաշխիքներ են ստեղծում, որպեսզի վերջիններս ավելի հեշտ համակերպվեն պարտության հետ, և հնարավորություն են ստեղծում, որպեսզի ապագայում ժողովրդավարական մրցակցության արդյունքում պարտվողները պաշտպանեն իրենց քաղաքական շահերը:

Ժողովրդավարության համար կարևոր են ժողվրդավարական ինստիտուտները, իսկ այդ ինստիտուտների ձևավորման համար կարևոր է քաղաքական ուժերի միջև պայքարը: Քաղաքական ուժերի միջև պայքարն էլ իր հերթին ենթադրում է, որ քաղաքական դաշտում որևէ ուժ չի կարող և չպետք է ունենա մենաշնորհ: Այդ իսկ պատճառով քաղաքական ուժի մենաշնորհի վերացումը հանգեցնում է մրցակցության, մրցակցությունը ձևավորում է ազատ, թափանցիկ և պարբերական ընտրությունների ինստիտուտ, իսկ նման ընտրական ինստիտուտի ձևավորումը արդեն բավարար հիմք է ժողովրդավարության երկարաժամկետ զարգացման համար։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: