22 հուլիս, 2014 16:13

Դոմինո` լամպի լույսի տակ

Ես մտադիր չեմ կինո վերլուծել: Այն համեստորեն թողնելով կինոգետներին` ուզում եմ պատմել մի ուրիշ բան, ուրիշ կինո, որ ստեղծվեց կամ ավելի ճիշտ` հավաքվեց իմ ուղեղում «Ոսկե ծիրանի» մի ֆիլմ նայելու ընթացքում:

Արծաթե ծիրանը ստացած «Դոմինոյի էֆեկտ» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը շատ սիրեցի, որովհետև երևի իր բոլոր դրվագներով տեսնված է նաև Հայաստանում: Պատմությունը Սուխումիի մասին էր, Աբխազիայի սպորտի նախարարի մասին, նրա կենսագրության միջոցով աբխազա-վրացական պատերազմի ու աբխազա-մնացած աշխարհի հարաբերությունների մասին: Ռուս կին է բերում, ջահել, սիրունատես, երեխա են սպասում, բայց ռուս կինը չի հարմարվում աբխազական բնավորությանը, սովորույթներին, ասում է` ծույլ եք, իսկ ինձ սովորեցրել են բանել գիշեր-ցերեկ, ես գործ եմ անում, կաշվիցս դուրս եմ գալիս, իսկ դուք ինձ էլի օտարի պես եք վերաբերվում, դուք վայրենի եք: Սպորտի նախարարը պատերազմի ժամանակ կռվել է, ֆիլմի մեջ տեսնում ենք նաև նրա պատերազմական ժամանակի կադրերը` անհամեմատ երիտասարդ, զինվորական հագուստով, վառոդներից սևացած մաշկով, այրվող Աբխազիայի կենտրոնում: Նա իր երկիրը թողնող մարդ չէ, նա ինքն է երկիրը: Ամուսնու ու կնոջ վեճը դառնում է երկրի պատմությունը: Ֆիլմի ընթացքում սպորտի նախարարը պատրաստվում է դոմինոյի միջազգային առաջնության ժանգոտած մետաղներով պատուհանների փոխարեն բաց խոռոչներով շենքերով Սուխումիում, որտեղ 2011-ին դեռ պատերազմի հետքերը չեն վերացրել, ու մարդիկ իրենց մտքում դեռ ապրում են պատերազմի մեջ: Դոմինոյի առաջնությանը պատրաստվում են ինչպես կարող են, ինչպես վայել է, բայց հնարավորությունները չափազանց սուղ են, պատվիրակությանն ընդունում են նվագախմբով, խաղը սկսվում է, ու լույսն անջատվում է… Քաղաքում դեռ լույսի անջատումներ կան…

Ու հիշեցի, որ այս աշնանը Թիֆլիսում Ռուսաթավելիով քայլելիս տեսա ուշադրություն գրավող մի աֆիշ` «Լադո Պոչխուա` Վրացական մելանխոլիայի անատոմիան»: Մտնում եմ: Լադո Պոչխուան հիմա ապրում է ԱՄՆ-ում, հայտնի լուսանկարիչ է, բայց Լադո Պոչխուան ծնվել է Սուխումիում, ծննդյան թիվը հիշում եմ, որովհետև մենք ծնվել ենք նույն տարում` 1970-ին: Դպրոցն ավարտել է 1987-ին ու պատերազմի ժամանակ տեղափոխվել Թիֆլիս, որովհետև վրացիներն ու աբխազներն արդեն թշնամիներ էին: Ես «Դոմինոյի էֆեկտը» նայելիս հիշեցի Լադո Պոչխուային շատ պարզ պատճառով: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ նա Սուխումիում է ծնվել ու ապրել: Հիշեցի, որովհետև նրա լուսանկարներում` Թիֆլիսից քիչ հեռու գտնվող Ծխնեթիում տեղավորված, Աբխազիայից Վրաստան տեղափոխված փախստականները լամպի լույսի տակ դոմինո  էին խաղում… Վրացական Ծխնեթիում ու աբխազական Սուխումիում, այս կողմում` Սուխումիից փախած վրացիներ սուխումցի վրացու լուսանկարներում, այն կողմում` վրաց-աբխազական պատերազմի արդյունքում կմախք դարձած Սուխումիում` որպես թե «կյանքը շարունակվում է», ոչ ավել, ոչ պակաս` դոմինոյի միջազգային մրցաշարի ժամանակ:

Պատերազմները հետսովետական երկրներում ոնց որ երկվորյակներ լինեն` նույնիսկ հագուստով են իրար նման, ու տարբերելու համար իրարից տարբեր մի մազակալ կամ ժամացույցի շղթայի գույն են կապում ձեռքներին, որ կարողանան հասկանալ` որը որն է: Մազակալը տվյալ դեպքում երևի պալմաներն էին… Պատերազմները երկվորյակների նման նույնն են… Սուխումիի բաց խոռոչներով ադմինիստրատիվ շենքը շատ նման  էր Ստեփանակերտի հանրակացարանի շենքին պատերազմից հետո` գնդակոծված, պատուհանների փոխարեն բաց խոռոչներով կմախք…

Այս մասում ես հիշեցի, որ Սուխումիի պալմաների մեջ թաղված կիսաշրջան սյուները առաջին անգամ տեսել եմ հիսունականներին արված մի մեծ լուսանկարում, որն անպատերազմ սովետական Ստեփանակերտում կախված էր տատիս քրոջ տան պատին. ինքն ու իր պաշտոնյա ամուսինը Սուխումիի բնական ճոխության մեջ. ծով, պալմաներ, կիսաշրջան սյուներ` ինչ-որ շատ գեղարվեստական ու շատ ֆանտաստիկ գեղեցկությամբ, ու իրենք` սովետական մոխրագույն կոստյումի մեջ ամուր պարուրված, ցիլինդրի առկայությունը` որպես տոնական ատրիբուտ կամ կազիրոկին փոխարինելու եկած առօրյայի հերքում, իսկ կնոջ հաստ կտորից սարաֆանը մինչև գոտկատեղը նույն կտորից կոճակներով շարած` միշտ պատրաստ շնորհքով լուսանկարվելու, որովհետև լուսանկարվելու պահին արդեն իրենք այդ լուսանկարը փայտե շրջանակի մեջ պատկերացրել են պատից կախված ու նույնիսկ պատն էր ընտրված մտքում` հարյուրավոր սերունդների ցինիկ հայացքները վրան: Սա արդեն ուրիշ վավերագրական ֆիլմ էր, որ ես կառաջարկեի շարունակել, եթե հնարավոր լիներ, բայց առայժմ շարունակեցի մտքիս մեջ. Լադո Պոչխուա, Սուխումի-Ծխնեթի, Ստեփանակերտի գնդակոծված շենքեր, որ երկվորյակների նման նման են իրար ու դեռ կենդանի ու շենշող Սուխումիի լուսանկարը դեռ պատերազմ չտեսած Ստեփանակերտի տներից մեկում` պատից կախած, որպես հին օրերի ուրախության արձանագրություն:

Հետո ինտերնետում Լադո Պոչխուայի մասին նորից կարդալիս նախ գտնում եմ նրա մի հարցազրույցը, որտեղ ինքն ասում է, որ Աբխազիայի թեման չկա իր նկարներում, բացակայում է: Մարդն ակնհայտորեն խուսափում է կորցրածից: Հետո գտնում եմ այն ֆորումը, որը բացել են Լադո Պոչխուայի համադասարանցիները` նախկին սուխումցիներ, որոնք աշխարհով ցրվել են ու հիմա ինտերնետում «վերադառնալու» փորձ են անում: Կարդում եմ ֆորումի հիմնադրի կոչը. «Խնդրանք. չգրել պատերազմի, քաղաքականության մասին, չգրել, թե ով է մեղավոր, ով էր ճիշտ: Դրա համար բազմաթիվ ֆորումներ կան, որտեղ կարող եք ապացուցել ձեր ճշմարտությունը: Այս ֆորումում մենք բոլորս սուխումցիներ ենք, որոնք հիմա ապրում են տարբեր երկրներում և ունեն սեփական անհերքելի ճշմարիտ տեսակետն այն դեպքերի մասին: Ես բոլորիդ հետ համաձայն եմ, բայց թույլ չեմ տա ինտերնետում ռազմաբազա ստեղծել ու պայքարել ձեր ճշմարտության համար»: Սուխումիի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցի 1987-ի շրջանավարտների տասի «բ» դասարանի ֆորումն է:

Իսկ ֆորումի անդամների գրառումներից մեկում կարդում եմ. «Լադոն հիմա Ամերիկայում է, հայտնի լուսանկարիչ է դառել, իսկ ես ձեր համադասարանցու` Գիյա Ուզունյանի կինն եմ….»:

Ինչքան նման են ամեն տեղ մարդիկ, երկվորյակների նման նման են մարդիկ, որոնք որոնում են իրար:

Պարզ, ինչպես դոմինոն:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: