22 հուլիս, 2014 13:15

Ռուսաստանը վերադարձնում է ձմեռային ժամանակը

Ռուսաստանը 2014թ․ հոկտեմբերի 26-ին կանցնի ձմեռային ժամանակի։ Համապատասխան օրենքը ստորագրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և հուլիսի 22-ին հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ռուսաստանի սուբյեկտների մեծ մասում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ կտրվեն, և սլաքների հետագա սեզոնային տեղափոխում չի իրականացվի։ Հինգ շրջաններ ժամացույցի սլաքները չեն տեղափոխի և կպահպանեն ամառային ժամանակը՝ Սամարայի և Կեմերովսկի մարզերը, Ուդմուրտիան, Կամչատկան և Չուկոտկան։

Օրենքը ավելացնում է Ռուսաստանում ժամային գոտիների թիվը 9-ից 11-ի։

Ռուսաստանի Պետդուման փաստաթուղթն ընդունել էր հուլիսի 1-ին, Դաշնության խորհուրդն այն հավանության էր արժանացրել հուլիսի 9-ին։

Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար ձմեռային ժամանակին անցումը չեղյալ էր հայտարարվել 2011թ․ հունիսին՝ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով։ Միաժամանակ երկրում հաստատվել էր ինը ժամային գոտի՝ նախկին տասնմեկի փոխարեն։ Այս որոշումը բազմիցս արժանացել էր փորձագետների ու շարքային քաղաքացիների քննադատությանը։ 2012թ․ սեպտեմբերին նախագահ Պուտինը հայտարարեց Ռուսաստանում ձմեռային ժամանակը վերադարձնելու հնարավորության մասին։

2012թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց հանրապետականներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի՝ «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, և Հայաստանը հրաժարվեց ամառային ժամանակից։ Թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները որևէ լուրջ հիմնավորում չէին ներկայացրել ամառային ժամանակից հրաժարվելու անհրաժեշտության շուրջ։ Իհարկե, օրինագծի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտություն, բայց թե ինչպիսի տնտեսական հետևանքներ կունենա փոփոխությունը, նախարարությունն այդպես էլ չներկայացրեց։