BP-ն կրճատել է Ադրբեջանում նավթի արդյունահանումը

2014թ. առաջին կիսամյակում Ադրբեջանում նավթի և գազի կոնդենսատի արդյունահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,8%-ով՝ պայմանավորված British Petroleum-ի (BP) կողմից շահագործվող հանքավայրերում արդյունահանման ծավալների անկմամբ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն, հաղորդում է Reuters-ը:
Ազերի-Չիրագ-Գյունեշլի գլխավոր նավթավայրերում արդյունահանման անկումը մտահոգել է Բաքվին:
2013թ. BP-ն և նրա գործընկեր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էին, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլիից, որը Ադրբեջանի նավթային գլխավոր նախագիծն է և բրիտանական նավթային հսկայի՝ աշխարհում ունեցած ամենախոշորներից մեկը, նավթի արդյունահանումը կայունացել է:
2014թ. առաջին վեց ամիսներին Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանումը կազմել է 21,2 մլն տոննա՝ 2013թ. նույն ժամանակահատվածի 21,8 մլն տոննայի համեմատ:
Ավելի վաղ BP-ն հայտարարել էր, որ 2014թ. Ազերի-Չիրագ-Գյունեշլիից արդյուհանման ծավալները հնարավոր է՝ 2013-ի համեմատ փոքր-ինչ նվազեն, քանի որ ընկերությունը մտադիր է աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ազերի և Արևմտյան Ազերի հարթակներում՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլիում դադարեցնելով աշխատանքները մի քանի շաբաթով: BP-ն չէր հստակեցրել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները:
2014թ. առաջին կիսամյակում Ադրբեջանում բնական գազի արդյունահանումն ավելացել է մինչև 15,2 մլրդ խմ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 14,3 մլրդ խմ-ի համեմատ: Աճը արձանագրվել է Ազերի-Չիրագ-Գյունեշլիում նավթային գազի (associated gas) և SOCAR-ի՝ սեփական հանքավայրերում արտադրության աճի հաշվին:
Ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանի կարծիքով՝պատճառներից մեկը, որ ադրբեջանական նավթի արդյունահանման ակնկալված ցուցանիշները չապահովվեցին, այն էր, որ 1993-ին իշխանության եկած Հեյդար Ալիևը Կասպիցի նավթահորերը շահագործող կոնսորցիումը ղեկավարող BP-ից պահանջեց հնարավորին չափ շուտ նավթ արդյունահանել, քանի որ փողի հրատապ կարիք ուներ իր քաղաքական նպատակների համար: «Դա կոչվում է նավթի վաղ արդյունահանում՝ early oil: Առհասարակ, նավթի արդյունահանման արդյունավետ տարբերակն այն է, երբ հորատանցքեր են փորվում ամբողջ հանքավայրի տարածքով, և արդյունահանումը սկսվում է զգուշությամբ: Երբ ընդամենը մեկ-երկու հորատանցք է փորվում նավթ արդյունահանելու համար, նավթավայրում ընկնում է ճնշումը և հետագայում հնարավոր չի լինում արդյունահանել այդ նավթավայրի ամբողջ նավթը»,- նշում է Թերզյանը:

Մեկնաբանել