22 հուլիս, 2014 12:47

Էրդողանը շարունակում է «մաքրել» պետությունը

Թուրքիայի իշխանությունները հուլիսի 22-ին Ստամբուլում  և երկրի այլ շրջաններում անցկացրել են միաժամանակյա լայնամասշտաբ գործողություններ` Էրդողանի հռչակած «զուգահեռ պետության» դեմ հետաքննության շրջանակում ձերբակալելով ոստիկանության տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, առնվազն 40 հոգի ձերբակալվել է Ստամբուլում` լրտեսության, ապօրինի գաղտնալսման և փաստաթղթային կեղծումների մեղադրանքներով: Մեկ տասնյակից ավելի մարդ էլ ձերբակալվել է առանձին գործողության շրջանակում. նրանք հիմնականում հետախուզության աշխատակիցներ են:

CNNTürk-ի հաղորդմամբ` ընդհանուր առմամբ արձակվել է 134 կասկածյալի ձերբակալելու հրահանգ:

Ձերբակալվածներից շատերը 2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայում լայնամասշտաբ հակակոռուպցիոն գործողության ժամանակ կարևոր պաշտոններ են զբաղեցրել:

Today's Zaman-ի հաղորդմամբ` ձերբակալվածների թվում էր  2013թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական վարչության պետ Օմեր Քյոսեն, նախկին ոստիկանապետեր Քազըմ Աքսոյը, Ռամազան Ջանդանը, Գաֆուր Աթաչը:

Հուլիսի 22-ի օպերացիան անցկացվել է կառավարության` իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուլենականներին մեղադրում է «պետության մեջ զուգահեռ պետություն ստեղծելու մեջ»:

Հուլիսի 21-ի հեռուստահարցազրույցում Էրդողանն ասել է, որ չի նահանջելու «պետությունը մաքրելու իր մտադրությունից»: Գյուլենի դեմ պայքարում նա ակնկալում է նաև ԱՄՆ-ի կառավարության աջակցությունն, ինչի մասին ասել էր նաև ամերիկյան PBS հեռուստաալիքի հետ ապրիլի 28-ի զրույցում: Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր Փենսիլվանիայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին և առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել, որ «հուսով է»՝ ԱՄՆ-ը Գյուլենին կհանձնի Թուրքիային:

Իսլամական ազդեցիկ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններում առկա հակասությունները առճակատման վերածվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց փակել Գյուլենական համայնքին պատկանող դպրոցները: Դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» անունը ստացած աղմկահարույց ձերբակալությունները պայմանավորված էին հենց այդ հակասություններով: Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները վստահ են` դեկտեմբերի 17-ի օպերացիայի ընթացքում նախարարների որդիների ու մի քանի գործարարների ձերբակալությունը կազմակերպել է անվտանգության ուժերի վրա մեծ ազդեցություն ունեցող Գյուլենը` Էրդողանին ու նրա գլխավորած կառավարությանը վարկաբեկելու նպատակով:

Գյուլենի գլխավորած շարժումը աշխարհի 170 երկրներում ունի հարյուրավոր դպրոցներ, որտեղ դասավանդվում է թուրքերեն, քարոզվում  իսլամի ու ժողովրդավարության համատեղելիության գաղափարը: Գյուլենը մեծ ազդեցություն ունի ինչպես հանրային հարթությունում, այնպես էլ Թուրքիայի կառավարության, ոստիկանության և այլ հաստատությունների շրջանում: Գյուլենի անունը տեղ է գտել ամերիկյան Time ամսագրի 2013թ. ամենաազդեցիկ առաջնորդների ցուցակում: