Վարչապետի ձախողման 100 օրը

Լրացավ Հովիկ Աբրահամյանի կառավարության հարյուր օրը: Եռամսյա կառավարման ընթացքում վարչապետը չկարողացավ դրական փոփոխություն կատարել երկրի սոցիալ-տնտեսական համակարգում։

Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարությունն ու որդեգրած քաղաքական կուրսը շարունակեցին խորացնել նախկին կառավարության ստեղծած խնդիրները: Վարչապետ նշանակվելուց հետո Աբրահամյանը հայտարարեց, թե պայքարելու է ստվերի դեմ՝ ստեղծելով առողջ մրցակցային միջավայր: Ի սկզբանե, Աբրահամյանի՝ առողջ մրցակցային միջավայր ստեղծելու ցանկությունը դատապարտված էր ձախողման այն պարզ պատճառով, որ տնտեսության առյուծի բաժինն անմիջապես տնօրինվում է Սերժ Սարգսյանի, հենց իր՝ Հովիկ Աբրահամյանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից:

Բացի մրցակցային միջավայր ստեղծելու խոստումից՝ Աբրահամյանը խոստացավ լուծել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը՝ հայտարարելով, որ ինքը կողմ է պարտադիր, բայց ոչ պարտադրված սկզբունքին: Աբրահամյանը պահեց խոստումը, և խորհրդարանն արտահերթ նիստով ու խայտառակ քվեարկությամբ ընդունեց կուտակայինի մասին նոր օրենքը, որը, սակայն, նախորդից տարբերվեց ընդամենը տերմինաբանությամբ, այսինքն՝ պարտադիր բաղադրիչը դարձավ հարկատեսակ՝ ստանալով նպատակային վճարի տեսք:

Աբրահամյանի կառավարությունն այս կարճ ժամանակաշրջանում աչքի ընկավ նաև իշխանության մերձավորներին հարկային արտոնություններ տրամադրելով. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԱևԳ» ընկերությանը և Սերժ Սարգսյանի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին ու նրա եղբոր՝ Աբել Ղարիբյանին պատկանող «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը կառավարությունը տվեց հարկային արտոնություններ: Նման քաղաքականության պարագայում ավելորդ է նշել, որ մրցակցային տնտեսություն ստեղծելու մասին Աբրահամյանի հավաստիացումներն անգամ զավեշտալի չեն:

Աբրահամյանի կառավարության հարյուրօրյա ժամանակաշրջանի հաջորդ ձախողումը Պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության միավորումն էր մեկ մեգանախարարությունում, որի ղեկավար նշանակվեց ֆինանսական մեծ ռեսուրսներ ու շահեր ունեցող Գագիկ Խաչատրյանը:

Կառավարության հարյուրօրյա քաղաքականությունը ցույց տվեց, որ ո՛չ Գագիկ Խաչատրյանը, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ հատկապես Սերժ Սարգսյանը շահագրգռված չեն երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելում: Նրանք օգտագործել ու շարունակելու են օգտագործել իշխանությունը՝ սեփական բիզնես շահերը սպասարկելու համար:

Ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Աբրահամյանը խոստացավ բարձրացնել երկրում քաղաքացու բարեկեցությունը, սակայն նրա կառավարման շրջանում վերանայվեց և նվազեցվեց տնտեսական աճի տեմպերը: Ավելին՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել թիրախային 5 տոկոս աճը, այլև տնտեսական աճը ցածր կլինի ԱՄՀ-ի կանխատեսած 4.3 տոկոսից:

Այս ամենից բացի, վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման ընթացքում համատեղության կարգով փորձեց ստանձնել նաև Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական մամլո խոսնակի դերը: Նա հասցրեց պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությանն ուղղված քննադատություններին: Սա թերևս միակ ոլորտն է, որտեղ Հովիկ Աբրահամյանը գրանցեց լուրջ հաջողություն և կարողացավ գերազանցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Մեկնաբանել